Հայաստանն արել է հնարավոր ամեն բան՝ ռազմական գործողություններին վերջ տալու համար. Փաշինյանը՝ Անտոնիո Գուտերեշին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Հարավային Կովկասի խաղաղության և անվտանգության նկատմամբ Գլխավոր քարտուղարի կողմից ցուցաբերվող շարունակական ուշադրությունը: ՀՀ վարչապետը ներկայացրել է Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ ձեռնարկված սադրանքների պատճառով ստեղծված լարված իրադրությունը՝ ընդգծելով, որ այդ գործողությունները ձեռնարկվել են հակառակ Գլխավոր քարտուղարի՝ համավարակի շրջանում գլոբալ զինադադար հայտարարելու վերաբերյալ կոչին:
«Հավաստիացնում եմ ձեզ, որ Հայաստանն արել է հնարավոր ամեն բան՝ ռազմական գործողություններին վերջ տալու և իրավիճակի լարվածությունը նվազեցնելու համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումներին՝ վարչապետ Փաշինյանը հավելել է, որ այս շրջանում ականատես ենք լինում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության իրարամերժ հայտարարությունների և գործողությունների։
«Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանում ներքին ծանր իրավիճակ է: Բայց մենք չենք կարող դառնալ նախագահ Ալիևի ստեղծած ծուղակի պատանդը: Տարիներ շարունակ հայերի նկատմամբ սփռած ատելությունն ու պատերազմի սպառնալիքը ստեղծել էին ռազմական գերազանցության պատրանք, որն այժմ հօդս է ցնդում: Մենք վստահ չենք՝ արդոք Ադրբեջանի ղեկավարությունն ունի զինադադարը պահպանելու և սադրիչ հռետորաբանությունը կանխելու կարողություն կամ ցանկություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ վարչապետը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը խաղաղ կարգավորմանը՝ ընդգծելով, որ ստեղծված իրավիճակում խիստ կարևոր է ԵԱՀԿ մոնիթորինգի կարողությունների ընդլայնումը և տվյալ հարցում գոյություն ունեցող պայմանավորվածությունների իրականացումը:
«Անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանի իշխանությունները հանրայնորեն մերժեն ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը: Ադրբեջանի ղեկավարությունը պետք է ընդունի, որ խաղաղ բանակցությունները չունեն այլընտրանք»,- ասել է ՀՀ կառավարության ղեկավարը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում ստեղծված լարված իրավիճակով՝ ընդգծելով լարվածության թուլացման ուղղությամբ անհապաղ քայլերի ձեռնարկման կարևորությունը, այդ թվում՝ հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված պայմանավորվածությունների իրականացման միջոցով: Անտոնիո Գուտերեշը վերահաստատել է իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԶՈՒ-ն ցույց տվեց բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ջախջախելով ադրբեջանական բանակի մարտունակության մասին միֆը. Փաշինյան
Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ցույց տվեցին բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ոչ միայն ապահովելով Հայաստ...
Իրականացվող գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ. Մովսես Հակոբյան
Երեկվանից հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակն ու հրետակոծությունը շարունակվել է նաև այսօր: ArmLur.am-ը, հաշ...
Ի՞նչ է կատարվում սահմանին. ՊՆ խոսնակը նոր մանրամասներ է հայտնում
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է.«Ադրբեջանի կողմից իրավիճակը սահմանին պարբերաբար սրվում է, այս...
Անհապաղ հրադադար հաստատել. Սերգեյ Լավրովի կոչը` Երևանին և Բաքվին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել Երևանին և Բաքվին անհապաղ դադարեցնել կրակը և զսպվածություն ցուցաբերել:Այսօր Լ...