Կարծում եմ, որ առողջապահության համար սա ճարահատյալ որոշում է. Արա Բաբլոյան․168.am
Առողջապահական համակարգն արտակարգ դրության ժամանակ կունենա կենտրոնացված կառավարում: Նախօրեին նման տեղեկություն էր տարաել ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Կարծում եմ, որ առողջապահության համար սա ճարահատյալ որոշում է»,- այս մասին 168.am կայքի հետ զրույցում ասել է Արաբկիր բժշկական համալիրի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանը․
«Իհարկե, սա աննախադեպ մի որոշում կարող լինել, և կարծում եմ, որ առողջապահության համար սա ճարահատյալ որոշում է, որովհետև մնացած կառույցները, կազմակերպություններն ու հանրությունը չեն ապահովել այն պայմանները, որոնք կսահմանափակեին վարակի տարածումը: Եվ ամբողջ բեռն այսօր, փաստորեն, թողնված է առողջապահության վրա:
Այս պահին չեմ կարող լիարժեք գնահատական տալ, որովհետև ծանոթ չեմ օրենսդրական փաթեթի մանրամասներին, բայց հասկանալի է, թե ինչու է նախարարությունը գնում այդ քայլին. ոչ բոլոր բժշկական հաստատություններն ու դրանք կառավարողներն են կարողացել ճիշտ գնահատել իրավիճակը, վերցնել պատասխանատվություն` պատշաճ կազմակերպելու աշխատանքը` ապահովելով COVID-վարակված և չվարակված պացիենտների սպասարկումն ու բժշկական անձնակազմի պաշտպանվածությունը վարակից»,- ասել է Արա Բաբլոյանը:
Դիտարկմանը, թե սպասվող փոփոխության համաձայն՝ Առողջապահության նախարարությունը կկարողանա նշանակել նոր տնօրեններ, որոնք ուղղակիորեն կենթարկվեն նախարարությանը, նա արձագանքել է.
«Իմ կարծիքով՝ դա հիմնական խնդիրներից մեկն է, որովհետև բոլորին փոխելը կլինի շատ սխալ: Նախարարությունը նախ պետք է հստակեցնի իր նպատակները, դրանց հասնելու մեխանիզմներն ու չափորոշիչները, ապա այդ չափորոշիչներով գնահատի` ովքեր են կարողացել ապահովել պետության սահմանած այդ պահանջները, որովհետև չմոռանանք, որ բժշկական կազմակերպությունների հմուտ կառավարիչների թիվն էլ շատ մեծ չէ Հայաստանում, հեշտ չի լինի գտնել կառավարիչներ, որոնք կկարողանան անել այն, ինչ անհրաժեշտ է: Կարծում եմ, որ կարող են փոխարինվել միայն նրանք, ովքեր չեն ապահովի չափորոշիչների պահանջները»:
Իսկ մասնավոր բժշկական հաստատությունների կառավարումը պետությանը հանձնելու մեջ խնդիր չե՞ք տեսնում՝ հարցին ի պատասխան էլ՝ նշել.
«Իհարկե, սա կարող է լուրջ ռիսկեր առաջացնել մասնավոր հատվածում, որովհետև
եթե կառավարությունը գնում է այս քայլին, նա պետք է հիշի, որ պետք է պահպանի հաստատության գույքը, պետք է պահպանի հաստատության իմիջը, պետք է պաշտպանի հաստատության կոլեկտիվի իրավունքներն ու շահերը: Այսինքն՝ սա հեշտ որոշում չէ, սա լուրջ, պատասխանատու որոշում է»: