
Զինծառայությունը կդառնա 1.5 տարի. նախընտրական խոստո՞ւմ, թե՞ ապագա 2.5 տարվա բանակ. «Ժողովուրդ»

Պաշտպանության նախարարությունը e-draft.am հարթակում շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 24 ամսից կրճատել եւ սահմանել 18 ամիս։ Ընդունվելու դեպքում՝ փոփոխությունը ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունիսի 1-ից եւ չի տարածվի այն զինծառայողների վրա, ովքեր այդ պահին արդեն ծառայում են բանակում։ Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Սակայն այս քայլը դիտարկվում է ոչ միայն որպես բանակային բարեփոխում, այլեւ որպես քաղաքական հաշվարկ։ ՔՊ-ական աղբյուրները փոխանցում են, որ իշխող կուսակցությունում քննարկման ժամանակ հնչել են մտահոգություններ՝ «Բանակ պահել հնարավո՞ր է ընդամենը 1.5 տարվա ծառայությամբ»։ Քննարկման ժամանակ պատասխանը, սակայն, եղել է բավականին ուղղախոս. «Հիմա պետք է դարձնել 1.5 տարի, հետո, եթե խնդիրներ առաջանան, կբարձրացնենք մինչեւ 2.5 տարի. ի՞նչ խնդիր, իշխանությունն ամբողջությամբ մեր ձեռքում է»։
Նկատենք՝ սա նորություն չէ. նույն ձեռագիրն էր նաեւ տրանսպորտի թանկացման ժամանակ: Սկզբում հայտարարեցին, որ գինը կբարձրանա մինչեւ 300 դրամ, հետո, իբրեւ թե, նահանջեցին, ընդառաջեցին քաղաքացիների պահանջին, բայց, ինչպես տեսանք, այնուամենայնիվ գինը բարձրացվեց՝ դառնալով 150 դրամ։ Այսպիսով՝ զինծառայության ժամկետի կրճատումը մեծ հաշվով կարելի է համարել նախընտրական քարոզչության հերթական գործիք։
Դրան զուգահեռ, իշխանության ներսում քննարկվում է նաեւ թոշակների բարձրացման հարցը, որպեսզի ՔՊ-ն ընտրություններին ընդառաջ ասելիք ունենա իր ընտրողներին։ Ամեն ինչ կառուցվում է նախընտրական տրամաբանության համատեքստում: Ռազմական բյուջեն չի ավելացվում, բայց մնացած ծախսերը, որոնք կարող են ձայն ապահովել, կարվեն առավելագույն ձեւով:
Օրաթերթը այս ամենի վերաբերյալ հարցեր հղեց եւ մեկնաբանություն խնդրեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, ՔՊ վարչության անդամ Արուսյակ Մանավազյանից՝ արդյո՞ք 1.5 տարվա ծառայությունը երկարաժամկետ պլան է, թե՞ հետո կարող է դառնալ 2.5 տարի, եւ արդյոք նախատեսվո՞ւմ է նաեւ նախընտրական տարում թոշակների բարձրացում:
Արուսյակ Մանավազյանը, մեր հարցերին ի պատասխան, փոխանցեց. «Նախագծի տակ չպետք է վատ ենթատեքստեր փնտրել: 2026 թվականի հունիսի 1-ից 1.5 տարի է դառնալու զինվորական ծառայությունը, եւ այդ փոփոխությունը լինելու է երկարաժամկետ, այն կարճաժամկետ դարձնելու մտադրություն չկա»»,- գրում է օրաթերթը։