Սերբական օգնությամբ երկրորդ ինքնաթիռն է վայրէջք կատարել Երևանում
«Դժվարին ժամանակներում օգնությունը Հայաստանի ժողովրդին լավ ապագայի երաշխիքն է». Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հղած այս ուղերձի հետ միասին այսօր Սերբիայից Հայաստան հասավ մարդասիրական օգնությամբ՝ բժշկական սարքավորումներով ու պարագաներով բեռնված երկրորդ ինքնաթիռը:
Որպես Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչի պայմանավորվածությունների գործնական շարունակություն՝ երեկ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք էր կատարել սերբական օգնությամբ առաջին ինքնաթիռը՝ Հայաստան բերելով բժշկական անհրաժեշտ սարքավորումներ և մեծաքանակ պարագաներ:
Սերբական ավիաընկերության երկու ինքնաթիռներով Հայաստան են տեղափոխվել 10 արհեստական շնչառության սարքեր, հիվանդի վիճակը վերահսկող 10 մոնիտոր, 500 հազար վիրահատական և 100 հազար շնչառական դիմակներ, 25 հազար պաշտպանիչ ակնոցներ, 25 հազար բժշկական պաշտպանիչ հանդերձանք և այլ անհրաժեշտ պարագաներ:
Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում Հայաստանին որպես աջակցություն տրամադրված այս թանկարժեք օգնության ակունքներում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի ու Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչի ջերմ հարաբերություններն են:
Մարդասիրական օգնության այս ակցիային նախորդել էին նախագահներ Սարգսյանի և Վուչիչի հեռախոսազրույցները:
Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Տատյանա Ցվետկովիչը Սերբիայի կողմից Հայաստանին մարդասիրական օգնության տրամադրումը համարել է երկու երկրների միջև գերազանց հարաբերությունների վառ ապացույց: «Մեր նախագահների, կառավարությունների, ինչպես նաև ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների ամենակարևոր դրսևորումներից մեկը բժշկական սարքավորումներով բեռնված այս ինքնաթիռի ժամանումն է այն ժամանակ, երբ Հայաստանը դրա կարիքն ամենաշատն ունի։ Սերբիայում ևս մինչև վերջերս կորոնավիրուսի համավարակի խնդիրը կիզակետում էր, և մենք ամբողջովին հասկանում ենք, թե ինչ է նշանակում պայքարել COVID-19-ի դեմ,-ասել է Տատյանա Ցվետկովիչը: -Վերջերս, երբ երկու երկրների նախագահները հեռախոսազրույց ունեցան, Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը Հայաստանին աջակցություն և օգնություն առաջարկեց։ Ուրախ եմ, որ այդ հեռախոսազրույցից ընդամենը մի քանի շաբաթ անց կարող ենք արդյունքը տեսնել՝ մարդասիրական աջակցություն, որը ժամանում է Հայաստան։ Սա իսկապես խոսում է նրանց պաշտոնական, ինչպես նաև անձնական հարաբերությունների բնույթի մասին»։
Հանրապետության նախագահի օգնական Գևորգ Մելիքյանը նույնպես ընդգծել է, որ Սերբիայի կողմից նման մեծածավալ օժանդակության ցուցաբերումը երկու երկրների բարեկամության վկայությունն է: «Սա խոսում է Հայաստանի և Սերբիայի միջև խորացող հարաբերությունների մասին, որում իր անձնական ներդրումն ունի նախագահ Արմեն Սարգսյանը», -նշել է նա՝ ավելացնելով, որ ստացված մարդասիրական օգնությունը փոխանցվելու է առողջապահության նախարարությանը և կուղղվի համավարակի դեմ պայքարին:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսի վարակման 459 նոր դեպք է գրանցվել
Հայաստանում հունիսի 19-ի դրությամբ կորոնավիրուսի 459 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը&nb...
Վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման 551 նոր դեպք է հաստատվել, ապաքինվել է 588-ը
Հայաստանում հունիսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 551 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 19 708...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 560, մահվան՝ 18 նոր դեպք
Հունիսի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 560 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 20 268-ի: &...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 544 դեպք
Հայաստանում հունիսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 544 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...