Աջարիայում ապաքինվել են կորոնավիրուսով վարակված բոլոր հիվանդները. առողջարանները պատրաստվում են զբոսաշրջային սեզոնին

Աջարիայում բուժել են կորոնավիրուսով բոլոր վարակվածներին։ Տարածաշրջանը, որը «COVID-19-ից զերծ» կարգավիճակ է ստացել, սկսում է պատրաստվել զբոսաշրջային սեզոնին։ Այս մասին հայտարարել է Աջարիայի ինքնավարության նախագահ Թոռնիկե Ռիժվաձեն, հայտնում է «1tv.ge»-ն։

Ապրիլի 30-ից Աջարիայում կորոնավիրուսից վարակման ոչ մի դեպք չի գրանցվել։ Տարածաշրջանում վարակը հաստատվել է ընդամենը 70 մարդու մոտ։ Նրանցից միայն երկուսն էին մինչ այժմ բուժվում Բաթումի «Մեդալֆա» կլինիկայում։ Այսօր հայտնի դարձավ, որ երկու պացիենտն էլ ապաքինվել են եւ առաջիկայում դուրս կգրվեն հիվանդանոցից։ Ընդ որում, Աջարիայի կառավարությունում ընդգծում են, որ տարածաշրջանում անցկացվել է ավելի քան 10 700 թեսթ։

 

Վրաստանն այսօրվա դրությամբ ամենաբարենպաստ երկրներից է Եվրոպայում՝ կորոնավիրուսի տարածման ցածր տեմպերի եւ վարակված պացիենտների արդյունավետ վերահսկման տեսակետից։ Ներկայում Վրաստանում բուժումը շարունակում են կորոնավիրուսով 208 պացիենտներ։ 12 մարդ մահացել է, ապաքինվել է 508 վարակված, դա փետրվարի 26-ից գրանցված բոլոր դեպքերի մոտ 70%-ն է։ Հաշվի առնելով համաճարակաբանական բարենպաստ իրավիճակը՝ երկրում արտակարգ դրությունը մայիսի 23-ից հանվել է։ Արդեն հունիսի 15-ից Վրաստանում կբացվի զբոսաշրջային սեզոնը երկրի ներսում, իսկ հուլիսի 1-ից երկիրը կսկսի ընդունել արտասահմանյան զբոսաշրջիկների։

Իր ցամաքային եւ օդային սահմանները արտասահմանցի ճանապարհորդների համար Վրաստանը կբացի հաշվի առնելով Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համատեղ մշակած ուղեցույցները։

 

Քաղաքականություն

Պատահարներ