ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովը հայտարարություն է տարածել
ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում զինվորական ծառայությունից երկարամյա զինվորական կենսաթոշակի իրավունքով արձակված և զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային ապահովության իրավունք ունեցող հաշվառված նախկին զինծառայողներին, որոնց զինվորական ծառայության ընթացքում չի տրամադրվել անհատույց սեփականության իրավունքով բնակարան կամ անհատույց պետական ֆինանսական աջակցություն կամ տնամերձ հողամաս, ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 10-ի N 540-Ն որոշմամբ սամանված կարգով բնակարան կամ բնակելի տուն գնելու համար մինչև 2020թ. դեկտեբերի 1-ը կտամադրվի անհատույց պետական ֆինանսական աջակցություն` բնակարանի գնման վկայագրերի միջոցով:
Աջակցությունը կտրամադրվի ըստ շահառուների բնակարանային հաշվառման վերցնելու տարիների հերթականության՝ հետևյալ առաջնահերթությամբ.
ա) սահմանամերձ բնակավայրեր ունեցող Հայաստանի Հանրապետության մարզեր,
բ) Հայաստանի Հանրապետության այլ մարզեր
գ) Երևան քաղաք:
Սահմանվել է ՀՀ մարզերի հետևալ հերթականությունը.
1) Տավուշի մարզ,
2) Վայոց Ձորի մարզ,
3) Սյունիքի մարզ,
4) Գեղարքունիքի մարզ,
5) Արարատի մարզ,
6) Շիրակի մարզ,
7) Լոռու մարզ,
8) Արմավիրի մարզ,
9) Արագածոտնի մարզ,
10) Կոտայքի մարզ,
11) Երևան քաղաք:
Ելնելով սահմանված առաջնահերթություններից` Լոռու, Արմավիրի և Արագածոտնի մարզերում բնակարանային հաշվառման վերցնելու օրվա դրությամբ հաշվառված շահառուներին առաջարկվում է թարմացնել բնակարանային գործերում առկա փաստաթղթերը:
Փաստաթղթերի թարմացման նպատակով անհրաժեշտ է ներկայանալ ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական ապահովության վարչություն (հասցե` ք. Երևան, Բաբայան փող. 4, հեռ. 010-28-74-41)` Լոռու մարզից` մայիսի 20-ից հունիսի 5-ը ներառյալ, Արմավիրի մարզից` հունիսի 8-ից հունիսի 19-ը ներառյալ, Արագածոտնի մարզից` հունիսի 22-ից հուլիսի 3-ը ներառյալ ժամանակահատվածում և հետևյալ փաստաթղթերով.
-զորացրման հրամանի լուսապատճենը,
-շահառուի և նրա ընտանիքի անդամների անձնագրերի լուսապատճեները (բնօրինակների հետ),
-ամուսնության (ամուսնալուծության) վկայականի լուսապատճենը (բնօրինակների հետ միասին),
-անձնագրային բաժնից տեղեկանք շահառուի և նրա ընտանիքի անդամների հաշվառման հասցեների վերաբերյալ,
-շահառուի և նրա ընտանիքի անդամների հաշվառման վայրի բնակարանի (բնակելի տան) սեփականության իրավունքի վկայականների լուսապատճեները (բնօրինակների հետ), ինչպես նաև նշված բնակարաններում հաշվառված անձանց վերաբերյալ տեղեկանք անձնագրային բաժնից,
-տեղեկանք համատիրությունից բնակվող անձանց վերաբերյալ,
-տեղեկանք ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումից` շահառուի և նրա ընտանիքի անդամների անվամբ վերջին 5 տարիների ընթացքում ՀՀ տարածքում սեփականության իրավունքով առկա բնակելի նշանակության անշարժ գույքի ձեռք բերման և (կամ) օտարման վերաբերյալ,
-աղետի գոտում հաշվառվածների կամ աղետից տուժած անձանց, ինչպես նաև փախստականների դեպքում` համապատասխան մարմնի կողմից տրված տեղեկանք բնակարանով կամ դրա ձեռքբերման համար համապատասխան վկայագրով ապահովված չլինելու մասին:
Առկա իրավիճակից ելնելով, ՊՆ լրատվական ծառայությունը խնդրում է կրել դիմակ և ձեռնոց: