Փաստացի ունեցել ենք ընդամենը 6 օր, որոնց ընթացքում կատարվել է ահռելի ծավալների աշխատանք. Էդուարդ Աղաջանյան
Փաստացի ունեցել ենք ընդամենը 6 օր, որոնց ընթացքում կատարվել է ահռելի ծավալների աշխատանք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով ապրիլի 24-ի միջոցառումներին:
Նա, մասնավորապես, նշել է.
«Սիրելի հայրենակիցներ,
Անչափ հաճելի էր տեսնել Ձեր համատարած դրական արձանքները կարանտինային պայաններում ՀՀ կառավարության կողմից կազմակերպած ապրիլքսանչորսյան միջոցառումների վերաբերյալ: Ինձ համար մեծ պատիվ էր ղեկավարել այն աշխատանքային խումբը, որը հանդիսանում է այս միջոցառումների թե՜ բովանդակային, թե՜ կազմակերպչական լուծումների հեղինակը:
Համաճարակից բխող անորոշությունների պայմաններում վերը նշված աշխատանքային խումբն իր առաջին նիստն ունեցավ ապրիլի 18-ին: Փաստացի ունեցել ենք ընդամենը 6 օր, որոնց ընթացքում կատարվել է ահռելի ծավալների աշխատանք, որի համար առանձնահատուկ գովասանքի են արժանի ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն ու Հանրային կապերի եւ տեղեկատվության ՊՈԱԿ տնօրեն Հովհաննես Մովսիսյանը, ում ամենօրյա աշխատանքներում ամբողջական ներգրավվածության արդյունքն էր այն, ինչի ականատեսը եղանք բոլորս: Իսկ Հանրային հեռուստաըկերության աշխատակազմն ուղղակի անհավանական աշխատանք իրականացրեց:
Սա Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի ոգեկոչման արարողության բովանդակապես նոր եւ վերաիմաստավորված մոտեցում էր, որով ի ցույց դրվեց համայն աշխարհին, թե ինչ քաղաքակրթության ոչնչացման հրեշավոր փորձ է կատարվել 20-րդ դարի սկզբին:
Պատմական արդարության հաստատումն այլընտրանք չունի:
Հիշում ենք եւ պահանջում: