Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի ուղիղ եթերի կադրերի արտահոսքի մասին

Armtimes.com-ը գրում է, որ լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 17-ի ուղիղ եթերով ուղերձի տեխնիկական կադրերի սկանդալային արտահոսքն իրականացվել է ՀՅԴ վերահսկողության տակ գտնվող «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունից:

Ըստ լրատվական դաշտում շրջանառվող լուրերի՝ «Երկիր մեդիա»-ի լրատվական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը կադրերը փոխանցել է Ռոբերտ Քոչարյանին պատկանող «5-րդ ալիքի» տնօրեն Հարություն Հարությունյանին, որն էլ կազմակերպել է արտահոսքը Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին պատկանող ֆեյքերից մեկի միջոցով: 

«Երկիր մեդիա»-ի լրատվական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը Auroranews-ի հետ զրույցում անդրադառնալով լրատվականի հրապարակմանը, նշեց. «Որևէ լուրջ մեկնաբանություն չեմ տա, սա հիմարություն է ուղղակ: Սա իրենց երազած լրագրության մակարդակն է, երբ կարելի է նման կեղծ տեղեկություն տարածել նույնիսկ մեկ անգամ նույնիսկ ինձ հետ կապ չհաստատելով, չճշտելով թե ինֆորմացիան իրականության համապատասխանում է, թե ոչ: Իրենք այս մեթոդով են աշխատել տարիներ շարունակ ու հիմա բոլորին դաս են տալիս, թե ինչպես պետք է լինի անաչառ լրատվություն: Կարծում եմ, որ իմ հրապարակային խոսքի, հեռուստահաղորդմանս արձագանքի տարր պետք է փնտրել այս ամենի տակ՝ ուրիշ ոչինչ»:

 

Ավելի ուշ Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Այսօր մի հիմար իբր լուր է տարածվել, որում կա նաեւ իմ անունը։ Ցավում եմ, որ լրագրությունը հասցրել են այս մակարդակի, երբ նույնիսկ լրագրողական պարկեշտություն չեն ունեցել զանգահարել ու ճշտել լուրի իսկությունը։ Այս հարցին ու ընդհանրապես արտահոսք կոչված այդ հիմարությանը կանդրադառնամ իմ երեկոյան «Անկեղծ ասած» ծրագրումս»։

 

Քաղաքականություն

Պատահարներ