Բուհ ընդունվելու հայտագրման ժամկետը կերկարաձգվի
Հայաստանյան բուհեր ընդունվելու հայտագրումների ընդունման ժամկետը կերկարաձգվի՝ պայմանավորված արտակարգ դրությամբ: Այս մասին հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հարցին:
Ստեփանյանը նկատեց՝ ավարտական դասարաններում սովորող աշակերտների մեծ մասը չի հասցրել լրացնել բուհ ընդունվելու հայտը:
Արայիկ Հարությունյանը հիշեցրեց, որ այսօր վարչապետի մոտ այդ հարցով եղել է քննարկում: Մի շարք որոշումներ կայացվել են, սակայն նախարարը դրանք չհանրայնացրեց: Նա պարզաբանեց՝ այս պահին չհայտարարելու պատճառը մի շարք համակարգերի մշակման և, հետևաբար, ժամկետների հետ է կապված:
«Սակայն բոլոր գործողությունները կկատարվեն՝ ի շահ աշակերտի: Մասնավորապես, բարձրացված հարցի հետ կապված ունենք լուծում: Մենք ժամկետը երկարեցնելու ենք և հնարավորություն ենք տալու, որ հայտագրումները ճշգրտվեն և բոլոր նրանք, ովքեր հնարավորություն չեն ունեցել հայտագրվելու կամ կորոնավիրուսով պայմանավորված փոխել են այս կամ այն բուհ ընդունվելու իրենց մտադրությունը, փոփոխություն իրականացնեն: Այսինքն, մենք հնարավորություն ենք տալու, որպեսզի աշակերտները,ինչպես նաև նրանք, ովքեր վաղուց են դպրոցն ավարտել և ցանկություն ունեն բուհ ընդունվելու, հայտագրվեն և մասնակցեն գործընթացին»,-ասաց նախարարը:
Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ: