Կրակոցներ՝ Արարատի մարզում. 43-ամյա տղամարդը սպանվել է, իսկ 25-ամյա երիտասարդը՝ հոսպիտալացվել

Արարատի մարզի Տափերական համայնքում տեղի է ունեցել ծեծկռտուք, որի հետեւանքով սպանվել է 43-ամյա տղամարդ, վիրավորում ստացած 25-ամյա մի երիտասարդ էլ տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի վայրի զննությամբ Տափերական համայնքի մշակույթի տան դիմացի հատվածում հայտնաբերվել են 6 հատ 9մմ տրամաչափի փամփուշտի կրակված պարկուճ, փամփուշտի գնդակ, ատրճանակի պլաստմասյա բռնակ, արնանման հետքեր: Կա ձերբակալված անձ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

2020թ. ապրիլի 12-ին՝ ժամը 23.05-ին, «Արարատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ձախ կեսի հետին պատի թափանցող կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Արարատի մարզի Տափերական համայնքի 25-ամյա բնակիչը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով:

Նույն օրը՝ ժամը 23:50-ին, ստացվել է մեկ այլ հաղորդում այն մասին, որ շտապօգնության խումբը Արտաշատ քաղաքի բնակարաններից մեկից «ձախ ազդրի վերին երրորդականի, ձախ սրունքի վերին երրորդականի հրազենային վերք» ախտորոշմամբ «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ է տեղափոխել 43-ամյա տղամարդու, որը շտապօգնության ավտոմեքենայի մեջ մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Տափերական համայնքի բնակիչը ձերբակալվել է՝ 43-ամյա տղամարդուն առերեւույթ ապօրինաբար դիտավորությամբ  հրազենի գործադրմամբ կյանքից զրկելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է: