Գորիսի քաղաքապետը, տեղակալը և նրանց մերձավորները կասկածվում են քաղաքացուց 33 մլն դրամի շորթում կատարելու մեջ. Shamshyan
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, մարտի 17-ին ոստիկանության Կապանի բաժին է դիմել Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի բնակիչ, 32-ամյա Գուրգեն Հովսեփյանը և հայտնել, որ այս տարվա փետրվարի 8-ին Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, Գորիսի քաղաքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը, ինչպես նաև նրանց հետ գտնվող Արտակ և Յաշա Առուշանյանները, ոմն Ալիկ և Աշոտ, որոնցից մեկը պահեստապետ է, մյուսը՝ խանութպան, և մեկ այլ խանութի տնօրեն Արման Հայրապետյանը իրեն ապօրինի կերպով ազատությունից զրկել են, ծեծի ենթարկել, պահանջել, որ վճարի 33 միլիոն դրամ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գուրգեն Հ.-ն Կապանի ոստիկաններին հայտնել է, որ իրեն մեղադրում են, որ ինքը իբրև թե 2015-2020 թվականների ընթացքում Գորիսի քաղաքապետ Ա. Առուշանյանին պատկանող շինանյութի պահեստից այդքան գումարի գողություններ է կատարել, ու այդ ամենի դիմաց իր կամքին հակառակ, ստիպողաբար իրենից վերցրել են իր անձնագիրը, իրեն պատկանող Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենան, ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը, ինչպես նաև պարտադրել են գրավադրել իր կնոջ հարազատների բնակարանները: Գ. Հովսեփյանը հայտնել է, որ դրանից հետո շարունակաբար իր և իր մերձավորների կյանքի ու առողջության դեմ քաղաքապետի և նրա մերձավորների կողմից տրվել են սպառնալիքներ՝ գումարը չտալու և ոստիկանություն ու քննչական մարմիներին չդիմելու նպատակով: Ըստ Գ. Հովսեփյանի՝ դա է եղել պատճառը, որ նախկինում իրավապահներին չի դիմել: Գ. Շամշյանի տեղեկություններով, փաստի առթիվ ոստիկանության Կապանի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն և քաղաքապետը՝ որպես կասկածյալ, իրոք ձերբակալվել է: Գ. Շամշյանի տեղեկություններով, իավապահներները ունեն կասկածներ, որ հնարավոր է, Գ. Հովսեփյանը չափազանցնում է և գույները խտացնում: Կապ է հաստատվել համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանի հետ, նա խուզարկության մասին ոչինչ չի հայտնել և ընդամենն ասել է, որ ձերբակալության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, ապատեղեկատվություն են, ու իրենք չգիտեն, թե ինչ նպատակով է տարածվել այդ տեղեկատվությունը:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Գորիսի քաղաքապետ Ա. Առուշանյանը մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում հերքել էր այդ տեղեկությունը: