150 մլն դրամի վնաս պետությանը. նոր բացահայտում
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված՝ առանձին վայրի բույսերի, մասնավորապես մատատուկի արտահանման լիցենզիաների վերաբերյալ փաստաթղթերը:
Դատախազությունից հայտնում են, որ ուսումնասիրությունների համակողմանիությունն ու լիարժեքությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Արդյունքում ի հայտ է բերվել պետական մարմնի պաշտոնատար անձանց կողմից ցուցաբերված անփութության պայմաններում կիրառված հանցավոր սխեմա:
Մասնավորապես, պարզվել է, որ մի քանի իրավաբանական անձինք՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ, անհատ ձեռներեցներ, բնօգտագործման վճարներից խուսափելու և վայրի բույսերի արտահանման լիցենզիա ստանալու նպատակով 2017-2018թթ. ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալություն են ներկայացրել Արարատի և Արմավիրի մարզերի մի քանի համայնքների՝ Ջրառատի, Մրգաստանի, Նորամարգի, Նորաշենի, Բերքանուշի ղեկավարներից ստացված տեղեկանքներ, ինչպես նաև այդ համայնքների տարածքում առանձին հողերի սեփականատերերի կամ վարձակալների հետ կնքված առուվաճառքի պայմանագրեր, գնման ակտեր:
Տեղեկանքներով, իբր, հավաստվել է այդ հողամասերում մատուտակ աճելու, իսկ գնման վերաբերյալ փաստաթղթերով՝ իրավաբանական անձանց կողմից հողամասերի սեփականատերերից տարբեր քանակության՝ 40-ից մինչև 100 տոննա մատատուկի արմատ գնելու, իսկ առանձին դեպքում՝ մինչև 350 տոննայի մատակարարման պայմանագիր ունենալու հանգամանքները:
Մինչդեռ քաղաքացիները, որոնց հետ, իբր, կնքվել են նման պայմանագրեր, ՀՀ հաշվեքննիչ պալատին գրավոր պարզաբանել են, որ կամ առհասարակ չունեն սեփականության իրավունքով, վարձակալությամբ իրենց պատկանող հողատարածքներ, կամ ունենալու դեպքում ոչինչ չեն վաճառել, չեն ճանաչում նման ընկերությունների, չեն ստորագրել առուվաճառքի պայմանագրեր կամ գնման ակտեր, կամ իրենց հողամասերում մատուտակ չի աճել:
Պարզվել է, որ դեռևս 2017թ. մայիսին ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալությունը, արտահանման լիցենզիաներ ստանալու համար սուբյեկտների կողմից ներկայացված տեղեկատվության վերաբերյալ փաստացի ունենալով հիմնավոր կասկած, դիմել է նախարարությանը՝ կենսառեսուրսների պահպանության և կայուն օգտագործման ապահովման նպատակով մատուտակի առկայության և ձեռքբերման վերաբերյալ ներկայացված տեղեկատվության համադրմամբ տեղում՝ ՀՀ Արմավիրի մարզի համապատասխան համայնքների տարածքներում կատարելու ուսումնասիրություն և վերահսկողություն իրականացնելու խնդրով:
Սակայն ստանալով նշված հանգամանքների վերաբերյալ ստուգում կատարելու նախարարության հանձնարարությունը՝ ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության պաշտոնատար անձինք չեն իրականացրել վայրի բուսական ու կենդանական աշխարհի օբյեկտների արտահանման և ներմուծման համար սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն կատարելու իրենց պարտականությունը: Իրենց հերթին ՀՀ ԲՆ կենսառեսուրսների կառավարման գործակալության պատասխանատու պաշտոնատար անձինք, ներկայացված տեղեկատվության իսկության վերաբերյալ ունենալով ողջամիտ կասկած՝ չեն իրականացրել տրված տեղեկատվության հավաստիությունը պարզելուն ուղղված գործողություններ, և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության հիման վրա տվել են արտահանման լիցենզիաներ: Մինչդեռ ըստ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի, երբ իրավասու վարչական մարմինը հիմնավոր կասկածներ ունի անձանց ներկայացրած տվյալների՝ իսկության վերաբերյալ, պարտավոր է ինքնուրույն և իր հաշվին միջոցներ ձեռնարկել դրանցում հավաստիանալու համար:
Այսինքն՝ ՀՀ բնապահպանության նախարարության պատասխանատու պաշտոնատար անձինք դրսևորել են ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունք, առանց արտահանվող բույսի ձեռքբերումը հավաստող փաստաթղթերը ստուգելու՝ տրամադրել են մեկանգամյա արտահանման լիցենզիաներ: Արդյունքում իրավաբանական անձինք և անհատ ձեռներեցները, լիազոր մարմնից չստանալով մատուտակի հավաքի և օգտագործման թույլտվություն, պետական բյուջե չեն վճարել շուրջ 150մլն ՀՀ դրամ բնօգտագործման վճարներ՝ պետության համար առաջացնելով ծանր հետևանք:
Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ձեռք են բերվել պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չկատարելով կամ ոչ պատշաճ կատարելով անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելու առերևույթ հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությունը, որով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի կպարզվեն վերոնշյալ գործընթացների բոլոր հանգամանքները և գնահատականներ կտրվեն դրանցում ներգրավված բոլոր շրջանակների, այդ թվում նաև պետությանը վնաս պատճառած տնտեսվարող սուբյեկտների արարքներին, հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: