Սպանված կնոջը ծեծել էր խանդի պատճառով, աղջիկը փորձել էր պաշտպանել մորը. ՇՄ դատախազ

Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանն այսօր լրագրողների հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց Գյումրու Տեքստիլագործների թաղամասում մեկ շաբաթ առաջ 42-ամյա կնոջ սպանության ու նրա 12-ամյա դստերը ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու քրգործից. գրում է aravot.am-ը:

Դատախազը նշեց, որ կալանավորված 28-ամյա երիտասարդը հարցաքննվել է, նա մեղադրանքը չի ընդունում․ առաջադրված մեղադրանքով իրեն մեղավոր չի ճանաչել և օգտվելով իր դատավարական իրավունքներից՝ հրաժարվել է ցուցմունքներ տալուց։ «Բայց մենք ունենք ձեռք բերված բավարար ապացույցներ, որոնք մեզ հիմք են տվել տվյալ անձին մեղադրանք առաջադրել ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի և 14-րդ կետերի հատկանիշներով։ Ունենք հարցաքննված մի քանի անձինք, որոնք ցուցմունք են տալիս նրա կողմից տվյալ հանցագործությունը կատարելու մասին», -ասաց դատախազը։

Նա նշեց, որ հարցաքննվել են կատարողի մայրն ու հայրը։ Նրանք տվել են այնպիսի ցուցմունքներ, որոնք վկայում են, որ նշված անձը դիտավորյալ մարմնական վնասվածք է պատճառել տուժողներին։

«Նա կնոջը ծեծի է ենթարկել գիշերվա ժամերին՝ 02․00-ի սահմաններում, բայց տուժողի մահն արձանագրվել է ժամը 14․30 սահմաններում, դրա համար մենք մեղադրանք են առաջադրել ծանր մարմնական վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը»,-ասաց դատախազը։

Ըստ գործում առկա տվյալների՝ սկզբում ծեծի է ենթարկվել մայրը, պատճառը եղել է խանդի հողի վրա առաջացած վիճաբանությունը։ Նշված վիճաբանությանը փորձել է մասնակցել 12-ամյա երեխան, որպեսզի թույլ չտա մորը ծեծի ենթարկեն, այդ պահին 28-ամյա տղամարդը հարվածներ է հասցրել նաև։ Կարեն Գաբրիելյանի ասելով, իրենց ունեցած տվյալներով, կատարողը մարմնական վնասվածքները հասցրել է ձեռքերով։

Տղամարդը, ըստ դատախազի, հաշվառման մեջ է գտնվում Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում․ հարցում են կատարել, նա նարկոդիսպանսերում հաշվառված չէ, հաշվառված է հոգեբուժական կաբինետում։ Մեղսունակության հարցը պարզելու համար նշանակելու են դատահոգեբուժական փորձաքննություն։ Նա նախկինում 4 անգամ դատապարտվել է տարբեր տեսակի հանցագործություններ կատարելու համար, որոնցից երկուսը հափշտակություններ կատարելու, մեկը՝ սպանության սպառնալիք հասցնելու, մյուսն՝ այլ անձի մարմնական վնասվածք պատճառելու։ Այդ գործերի շրջանակներում նշանակվել են դատահոգեբուժական փորձաքննություններ, փորձագետների կողմից փաստվել է, որ մեղսունակ է։
Դատախազը մի շատ կարևոր տեղեկություն տվեց․ քրգործերից մեկը հարուցվել է 2016 թվականի՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 113 հոդվածի հատկանիշներով , որով տվյալ անձը ծեծի է ենթարկել այս տուժողին։ «Խոսքն այս տուժողի մասին է, նրան դիտավորությամբ պատճառել է միջին ծանրության մարմնական վնասվածք, քանի որ հետագայում մեր տուժողը բողոք չի ներկայացրել , որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կարճելու մասին։ Տուժողից եղել է բողոք, սակայն հետագայում հաշտվել են, հաշտության պայմաններում մենք չենք կարողանում վարույթը շարունակել», -ասաց դատախազը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: