
Դա «Հայփոստ»-ի հետ որևէ կապ չունի. հավելվածի միջոցով օգտատերերի տվյալներ են ձերքբերվում. ահազանգ

Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ ստացավ մի քաղաքացուց, ով հայտնեց, որ օրեր առաջ իր կինը բջջային հեռախոսահամարին «Հայփոստ» ՓԲԸ-ից հաղորդագրություն է ստացել, որում «Հայփոստ»-ը առաջարկում է բաժանորդին խաղարկության միջոցով շահել սմարթֆոններ: Հավելվածը քաղաքացուց պահանջել է բացել ներկայացվող փակ դեղին տուփը, որի միջոցով քաղաքացին կշահի սմարթֆոնը:
Սակայն, գործընթացը օգտատերից պահանջել է էլեկտրոնային հասցեի գաղտնաբառ և 1 դոլար գումար վճարում:
«Երբ կինս պատմեց հասկացա, որ խաբեություն է, ի՞նչ խաղարկություն այն էլ այդ տարբերակով»,- մեզ հետ զրույցում ասաց ահազանգած քաղաքացին:
Հասկանալու համար` ինչ խաղարկության մասին է խոսքը կապ հաստատեցինք «Հայփոստ» ՓԲԸ-ի հանրային կապերի պատասխանատու Գևորգ Աբրահամյանի հետ, որը հայտնեց, որ «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից երբեք նման խաղարկություններ չի իրականացվել:
«Դա «Հայփոստ»-ի հետ որևէ կապ չունի, խարդախություն է, մենք իրազեկել ենք քաղաքացիներին և իրավապահ մարմիններին, չգիտեմ գործը ինչ ընթացքի մեջ է»,-ասաց Աբրահամյանը:
Ստորև ներկայացնում ենք օրեր առաջ «Հայփոստ» ՓԲԸ-ի տարածած հայտարարությունը միջադեպի վերաբերյալ.
«Հարգելի հաճախորդներ, «Հայփոստ» ՓԲԸ դիմել են բազմաթիվ քաղաքացիներ և հայտնել, որ ստացել են «Հայփոստ» ՓԲԸ-ից հաղորդագրություն՝ բջջային հեռախոս շահելու վերաբերյալ:
Հայտնում ենք, որ նման ակցիա «Հայփոստ» ՓԲԸ չի իրականացնում, սույնով անհայտ անձանց կողմից փորձ է արվում քաղաքացիներից գումար շորթել, միևնույն ժամանակ օգտագործվում է «Հայփոստ» ՓԲԸ ապրանքային նշանը: Կոչ ենք անում բոլորիդ անձնական որևէ տվյալ չտրամադրել։
Հիշեցնում ենք, որ Հայփոստի բոլոր միջոցառումների մասին հայտարարությունները հաղորդվում են բացառապես մեր պաշտոնական էջերով։ Շնորհակալություն»։