Նոր մանրամասներ՝ «էլիտար» զորամասից․ ՊԲ-ի՝ ծառայողական քննության արդյունքները
«Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ ուշագրավ մանրամասներ»։ Որոշ ժամանակ առաջ Auroranews-ը նման վերնագրով հետաքննություն էր կատարել, որում ներկայացվում էր, թե ինչ է կատարվում Արցախի զորամասերից մեկում։
Հոդվածի հրապարակումը մեծ աղմուկ բարձրացրեց հանրության և երկրի ղեկավարության շրջանում, դրան հաջորդեցին Զինված ուժերում բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնազրկումները։
Tert.am-ին հայտնի է դարձել, որ Վահրամ Ավագյանի ու համածառայակիցների միջև վիճաբանություն է տեղի ունեցել ծխարանում, այնուհետև կրակադաշտ գնալու ճանապարհին, իսկ հրաձգարանում տեղի է ունեցել զինծառայողի մահվան դեպքը: Ըստ ծառայողական քննության ձեռք բերված տվյալների՝ դիտաշտարակի ուղղությամբ շարքային Վահրամ Ավագյանի արձակած կրակոցը, հավանաբար, ուղղված է եղել դիտաշտարակում գտնվող շարքային Խ. Գասպարյանի ուղղությամբ: Վերջինս մտերմիկ հարաբերությունների մեջ է գտնվել շարքային Դավիդ Առաքելի Մովսիսյանի հետ, ով գործով մեղադրյալ է, և հնարավոր է, որ խառնված լիներ ծխարանում տեղի ունեցած վիճաբանությանը:
Ըստ այդ արդյունքների՝ պնդում է արվում, որ դեպքը տեղի ունենալուն նպաստել է զորամասում և ստորաբաժանումում տիրող իրավիճակը, մասնավորապես` այն, որ զորամասի հրամանատար, գնդապետ Ն. Մխիթարյանը խորությամբ չի տիրապետել զորամասում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտին (պաշտոնը ստանձնել է 2019թ. օգոստոսին), հետևություններ չի կատարել մինչ այդ ԶՈՒ-ում տեղի ունեցած նմանատիպ դեպքերից, հետևողական աշխատանքներ չի տարել զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալի կողմից մի քանի անգամ բարձրացված խնդրահարույց հարցերի ուղղությամբ՝ վերաբերող 2 ՌՀԴն-ում (ռեակտիվ հրետանային դիվիզիոն) տիրող իրավիճակին:
Հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Գ. Արզանգուլյանը չի կատարել իր պարտականությունները, անհասկանալի պատճառներով խորամուխ չի եղել ՌՀԴն-ում տիրող իրավիճակին, խնդրահարույց հարցերի լուծման ուղղությամբ գրեթե աշխատանքներ չի իրականացրել կամ կատարել է անարդյունավետ: ՌՀԴն-ում տիրող բարքերին և ոչ կանոնադրային հարաբերություններին վերաբերվել է մակերեսորեն, չնայած, որ անցյալ տարի այդ ստորաբաժանումում է գրանցվել սպայի ինքնասպանությունը, սպայի կողմից անհնազանդության փորձը, իսկ ծառայողական քննության արդյունքներով պարզ է դարձել, որ անտարբերություն է դրսևորել նաև ստորաբաժանումում արտոնյալ կարգավիճակով գտնվող զինվորների հանդեպ:
Անձնակազմը մատնված է եղել ինքնահոսի, ստորաբաժանումում տիրել են միջանձնային ոչ կանոնադրային փոխհարաբերություններ, առկա են եղել արտոնյալ կարգավիճակով զինծառայողներ: Համատարած տիրել է անտարբերություն, աչք է փակվել տիրող անառողջ մթնոլորտի վրա, չեն կատարվել վերադաս հրամանատարության հրամանների պահանջները:
Պաշտոնատար անձանց գործողություններում մեղմացնող հանգամանք է դիտարկվել դիվիզիոնի հրամանատարի ԲՀԱԳ տեղակալի նորանշանակ լինելը՝ հունվարի 24-ին, մյուս պաշտոնատար անձանց վերաբերյալ մեղմացնող հանգամանքներ չկան, սակայն առկա են ծանրացնող հանգամանքներ` զորամասի հրամանատարի տեղակալ-շտաբի պետի, զորամասի հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալի, 2-րդ ՌՀԴն հրամանատարի և ՌՀԴն հրամանատարի տեղակալ-շտաբի պետի գործողություններում, մասնավորապես` զինված ուժերում և Պաշտպանության բանակում տեղի ունեցած նմանատիպ դեպքերից ճիշտ հետևություններ չկատարելու, պաշտպանության նախարարի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի, Պաշտպանության բանակի հրամանատարի հրամանների ոչ պատշաճ կատարելու ուղղությամբ:
Ծառայողական քննությամբ պարզվել է հետևյալը. դեպքը տեղի է ունեցել անձնակազմի շրջանում տիրող ոչ կանոնադրային փոխհարաբերությունների, զորամասի և ստորաբաժանման հրամանատարական կազմի կողմից իրենց պարտականությունների ոչ պատշաճ կատարման, նմանատիպ դեպքերից հետևություններ չկատարելու պատճառներով: Շարքային Վ. Ավագյանը փորձել է վրեժ լուծել իր անձը վիրավորած համածառայակիցներից, մինչև նրանց հրաձգության վայրից զորամաս վերադառնալը, որտեղ, ըստ նախնական և դեռևս մինչև վերջ չպարզված տվյալների, իբր պետք է շարունակվեր առավոտյան ծխարանում տեղի ունեցած միջադեպի պարզաբանումը:
Հավանաբար, շարքային Վ. Ավագյանն անվճռականությունից կամ այլ` ծառայողական քննությամբ չպարզված հանգամանքներից ելնելով մինչև վերջ չի հասցրել իր մտադրությունը, հնարավոր է իր կողմից կատարած արարքը՝ անկանոն կրակոցներ արձակելը, համարել է անելանելի իրավիճակ և դիմել ինքնասպանության: Ելնելով վերոգրյալից` հետագայում նմանատիպ դեպքերը բացառելու նպատակով ՊԲ արդեն նախկին հրամանատարը կարգադրել է.
Ենթարկել կարգապահական տույժերի`
1. Հայտարարել «խիստ նկատողություն». ՊԲ N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Արարատ Խաչատրյանին
2. Ռեակտիվ հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, մայոր Գևորգ Գևորգյանին
3. Զորամասի 2-րդ ԲՄ-21-ի ռեակտիվ հրետանային դիվիզիոնի 2-րդ մարտկոցի հրամանատարի ՊԺԿ, ավագ լեյտենանտ Սամվել Փարամազյանին
4. Զորամասի 2-րդ ԲՄ-21-ի ռեակտիվ հրետանային դիվիզիոնի 2-րդ ԲՄ-21-ի ռեակտիվ հրետանային մարտկոցի ԲՄ-21-ի ռեակտիվ հրետանային դասակի հրամանատար-մարտկոցի ավագ սպա, լեյտենանտ Վահագն Վարդանյանին
Հայտարարել «Նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին»՝
1. Զորամասի հրամանատար, գնդապետ Նիկոլայ Բորիսի Մխիթարյանին`
2. Զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Էրիկ Գավրուշի Իսրայելյանին
3. Զորամասի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, փոխգնդապետ Գագիկ Արզանգուլյանին
4. Զորամասի 2-րդ ԲՄ-21-ի ռեակտիվ հրետանային դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ Բորիս Բաբայանին
5. Հաշվի առնելով, որ 2-րդ ԲՄ-21-ի ռեակտիվ հրետանային դիվիզիոնի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ,մայոր Գևորգ Գևորգյանն ունի գործող կարգապահական տույժ` «Նախազգուշացում պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին» (տրված ՊԲ N զորամասի հրամանատարի 18.01.2020թ. № 58 հրամանով), ուստի նրա նկատմամբ ենթակա է կիրառման ՀՀ ԶՈՒ կարգապահական կանոնագրքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջը, այն է` նշված կարգապահական տույժը կրելու ընթացքում նոր կարգապահական խախտում թույլ տալու համար կարգապահական տույժի ենթարկված զինծառայողն իրավասու հրամանատարի (պետի) հրամանով ազատվում է զբաղեցրած պաշտոնից և կարող է նշանակվել ցածր պաշտոնի կամ համապատասխան թափուր պաշտոն չլինելու դեպքում օրենքով սահմանված կարգով արձակվել զինվորական ծառայությունից:
6. ՊԲ 39138 զորամասի 2-րդ ԲՄ-21-ի ռեակտիվ հրետանային դիվիզիոնի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, մայոր Խաչիկ Արարատի Աղաբեկյանին կարգապահական տույժի չենթարկել՝ հաշվի առնելով, որ նոր է նշանակվել տվյալ պաշտոնին:
Կրտսեր սերժանտ Ս. Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել հրամանատարության հսկողությանը հանձնելը:
Հիշեցնենք նաև, որ փետրվարի 2-ին Վահրամ Ավագյանի հարազատները զինծառայողի դին վերցրել և գալիս էին Կառավարության մոտ, նրանք պնդում էին, որ իրենց որդին ինքնասպան չի եղել։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախարարի հետ․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախա...
Երկու շաբաթով կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու Մեղրիի անցակետով անձանց մուտքը Հայաստան․ Նիկոլ Փաշինյան
Կառավարությունը արտահերթ հեռակա որոշում կընդունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դիմակ կրելու անհրաժեշտության և կանոնների մասին․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել կից գրելով․ «Դիմակ կրելու անհրաժեշտո...