Արդեն 15 օր է Արցախում բողոքի ակցիա է իրականացնում Ալեքսանդր Քանանյանը. ի՞նչ արդյուքներ գրանցվեցին
Որևէ ՀԷԿ հետայսու չպետք է կառուցվի Քարվաճառում, իսկ արդեն կառուցված և գործող ՀԷԿ-երը պետք է դադարեցնեն իրենց աշխատանքները: Ես պահանջում եմ, Քարվաճառից հեռացնել շինտեխնիկան և պահպանել էկոհամակարգի համար հանդուրժելի չափն ու սահմանը: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց արդեն 15 օր Արցախում բողոքի ակցիա իրականացնող քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը:
Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի բնակիչ Ալեքսանդր Քանանյանը հացադուլ է հայտարարել իր տան բակին կից փոքր ՀԷԿ-երի շինարարական աշխատանքները դադարեցնելու վերաբերյալ հրապարակած պահանջագիրը անտեսելուց հետո: Մեզ հետ զրույցում Քանանյանը պատմել է, թե ինչի է հանգեցրել իր 15-օրյա հացադուլը և այն մասին, թե ինչ քայլեր է ծրագրում կատարել առաջիկայում:
Քանանյանի խոսքով` սա առաջին դեպքը չէ, երբ ինքը արձագանքում է ինչպես Քարվաճառի շրջանում, այնպես էլ Արցախում փոքր հէկաշինության աշխատանքների իրականացմանը: Ըստ քաղաքագետի` Արցախում իրականցվող այդ գործընթացը կատարվել է առկա բնապահպանական և ջրային օրենսդրության կարգավորումների և նորմերի կոպտագույն խախտմամբ:
«Հաճախ, բացահայտ և լիակատար անտեսմամբ, իհարկե, հասկանալի պատճառներով իմ բողոքները և հորդորները գործնական որևէ արդյունք չէին արձանագրում: 2018-ին հեղափոխությունից հետո, հասկացա, որ մեզ մոտ՝ Արցախում, ակտիվանում էին փոքր հէկաշինության գործադրման նպատակները, և սկսվում էին այդ նպատակների իրագործման աշխատանքները»,- ասաց Քանանյանը:
Քաղաքագետը հատկապես շեշտադրեց տարիներ առաջ Քաշաթաղում շահագործման հանձնված 3.2 Մվտ հզորությամբ և տարեկան 26 միլիոնԿվտ/ժ արտադրողականությամբ «Սյունիք 2» հիդրոէլեկտրականյանի բացումը, որը տարների ընթացքում հանգեցրել է բնապահպանական խանգարումների: «Սյունիք 2» հիդրոէլեկտրականյանի ստեղծման օրվանից ուղիղ կես տարի առաջ Աղավնոյ վտակի վրա գործարկվել էր «Սյունիք 1» ՀԷԿ-ը:
ՀԷԿ-երի շահագործումից անցել է մոտ 8 տարի, այս տարների ընթացքում Քաշաթաղի հյուսիսային թևում գտնվող Աղավնոյ վտակը արդեն փաստացի գոյություն չունի: Դիտարկելով վերջին տարների ցուցանիշները նկատվում է, որ վերջին մի քանի տարվա ընթացքում Աղավնոյի ձորում ապրող բնակչությունը կրել է տնտեսական ծանր վնաս:
«Ես որպես քարվաճառցի Արցախի ղեկավարությանը հայտարարում և զգուշացնում եմ, որ այսուհետ Քարվաճառի շրջանում որևէ հէկաշինություն չեմ հանդուրժելու, որովհետև Քաշաթաղի օրինակը ցույց է տալիս, որ ամբողջությամբ ցամաքում են գետերը, և դրանք իրականացվում են միայն մարդկային գործոնի հետևանքով»,- հայտնեց Քանանյանը:
Ըստ նրա` ՀԷԿ-երը Արցախին տանում են անապատացման, և դրան զուգահեռ փակվում են տարածքի բնապահպանական- տնտեսական զարգացման հեռանկարները:
Քանանյանը հայտնում է, որ այդ ուղերձին ևս Արցախի պատկան մարմինները չեն անդրադարձել: Քաղաքագետը հավելում է, որ դեմ չէ սովորական ՀԷԿ-երի շինարարությանը, դեմ է փոքր ՀԷԿ-երի շահագործմանը, քանի որ դրանք կառուցվում են Արցախի խոշոր գետերի շրջակայքում և կառուցվում են դրանց հիման վրա:
Հարցին՝ ինչու է բողքի ակցիան իրականացնում հացադուլի միջոցով, և կա բանակցային որևէ գործընթաց, Քանանյանը պատասխանեց.
«Մեր հասարակությունում ես տարիներ շարունակ ձեռք եմ բերել հեղինակություն, սակայն սա այն դեպքն էր, երբ ես պարտավոր էի ի վնաս իմ առողջության ուղերձ հղել իմ հայրենակիցներին, որ այլևս հանդուրժելու ժամանակը չէ, ես ցավում եմ, որ մեկ կամ երկու տարով ուշացրել եմ իմ այս քայլը, բայց, ինչպես ասում են, լավ է ուշ, քան երբեք: Իմ հացադուլը անժամկետ է: Եթե այս ամենը չհանգի որևէ արդյունքի, կդիմեմ նաև ջրադուլի: Պետք է կատարվեն, բոլոր հիմնական պայմանները:
Այս պահին կա բանակցային գործընթաց, որի ժամանակ ես չեմ կարող խոսել հակապետական հանցագործ Բակո Սահակյանի հետ, քանի որ դա իմ սկզբունքներից վեր է, բայց ես կգնամ բանակցության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ, դա էլ այն պարագայում, եթե Գրիգորյանը հանդիսանա բանակցային միջնորդ իմ և Արցախում փաստացի իշխանություն պահպանող քրեական օլիգարխիայի միջև: Այս բանակցությունները դժվարությամբ, բայց առաջ են գնում»,- ասաց Քանանյանը:
Հարցին` երբևէ ստացել է համագործակցության որևէ «գայթակղիչ» առաջարկ Արցախում գործող իշխանության կողմից, Քանանյանը դրական արձագանքեց.
«Կա լուրջ գայթակղություն քրեական օլիգարխիայի կողմից: Գործում են նաև ապատեղեկատվություն տարածելու և մարդկանց զանգվածաբար ահաբեկելու մեխանիզմները, և ես պարբերաբար զգուշացրել եմ, որ նման ապակառուցողական, հատկապես մարդու իրավունքի առնչվող ոտնձգությունները, կարող են պատճառ դառնալ բանակցային գործընթացի վերջնական ընդհատման»,- նշեց քաղաքագետը:
Հիշեցնենք, որ հացադուլով հունվարի 27-ից նրա պահանջին է միացել ստեփանակերտցի Մհեր Պողոսյանը: Դասադուլով հունվարի 29-ից նրան են սատարում Քարվաճառի դպրոցի աշակերտները: Իրենց աջակցության մասին են հայտնել բազմաթիվ հասարակական, քաղաքական և մշակույթի գործիչներ Հայաստանից, Արցախից ու Սփյուռքից:
Ինչպես արդեն հայտնել էինք` Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ իր միջնորդությամբ երկխոսություն է մեկնարկել կառավարության և Ալեքսանդր Քանանյանի միջև: Իսկ հունավարի 30-ին տեղի ունեցավ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի և Ալեքսանդր Քանանյանի հանդիպումը:
Մեր հարցին` ինչ արդյունք ունեցավ հանդիպումը Արտակ Բեգլարյանի հետ, Քանանյանը հայտնեց, որ իր դիրքորոշումը անփոփոխ է:
«Բեգլարյանը իմ ընկերն է և իմ վստահությունը վայելող անձ: Նա իմ խնդրին շատ լուրջ է վերաբերում, բայց Բեգլարյանը գործնականում բանակցային գործընթացի վերաբերյալ աշխատանքային առնչություն չունի և չի կարող ունենալ»,- նշեց Քանանյանը:
Հեղինակ` Ջեմմա Սարդարյան