Գյումրու մաքսատան կառուցման համար ծառեր են հատվել. Հայկ Բարսեղյանի ահազանգը
Բնապահպան, SOS նախաձեռնության անդամ Հայկ Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ծնվել եմ 1990թ-ի հուլիսի 23-ին՝ Լենինականում:
Անիմաստ է նկարագրել այն զգացմունքը, որը ընթերցողը մի գուցե երբեք չի զգալու՝ կուրացած լինելով «Տնտեսական հեղափոխություն» կարգախոսով: Մի գուցե ընկերներս, ու մտերիմներս հասկանան ինձ:
Մինչև 28 տարեկան ապրել, ստեղծագործել, կրթվել եմ Գյումրիում: Դպրոցներիցս մեկը «Սովխոզն» էր: Ավելի կոնկրետ «Սովխոզի տանկվի չաստը»: 10 Տարուց ավելի լուսանկարել եմ ծառուղին, որը ողջունում էր քեզ մուտքի դիմաց:
Գյումրի ժամանող բոլոր հյուրերիս առաջինը ցույց եմ տվել այս ծառուղին, որը չքնաղ էր, թեʹ ամռանը, թեʹ խորը ձմռանը:
Սիրահարվել եմ այս այգում, ընկերներիս հետ խաղացել ենք այս այգում, գիտափորձեր ենք կատարել այս այգում...
Վարդանիկի (Գյումրու հանցագործ քաղաքապետը) ժամանակն էր, երազանք ունեի, մի օր տեսնել այս ծառուղին, որպես աշխարհի լավագույն այգիներից մեկի մուտք...
Այս լուսանկարները հազարավոր լուսանկարներից մի քանիսն են, որոնց մեծ մասը չեմ մշակել:
Մշակված լուսանկարները տարածված են աշխարհով մեկ:
Գրեք Google-ում Gyumri Wallpaper, և տեսեք քանի անգամ են բեռնվել լուսանկարները, որպես Desktop-ի լուսանկար:
Մարդիկ առանց իմանալու Գյումրու տեղը, բեռնել ու բեռնում են լուսանկարները՝ զարդարելու իրենց հեռախոսների և համակարգիչները էկրանները:
Մի քանի օր առաջ ուղիղ հեռարձակումով ցույց տվեցի այսօրվա «Տնտեսական հեղափոխության» բացասական հետևանքը, երբ փողը փչացնում է այն ամենը, հանուն ինչի մենք գոյություն ունենք:
Ես մեղադրում եմ ինձ, որ չեմ եղել քաղաքում, ես մեղադրում եմ ինձ, որ չեմ հասցրել կրթել շինարարին ու ճարտարապետին, ես մեղադրում եմ ինձ, որ չեմ կարողացել կանգնեցնել իմ երազանքի ու մանկության ծառուղու ջարդը:
Խորը ցավ եմ զգում, որը բառերով իսկապես անհնար է փոխանցել: Ձեր համար հին, վտանգավոր ծառեր, մեր համար՝ սեր ու գեղեցկություն:
Չեմ մեկնաբանելու կուրացած «Զոմբի»-ների գրառումները, որոնք ի զորու չեն արդար գնահատել իրականությունը իրենց՝ բնության կողմից, բաժին հասած աչքերով:
Տգետ են այն մարդիկ, որոնք չեն սովորում սեփական սխալների վրա:
Ուզում եմ տարածեք լուսանկարները, տարածեք, որ բոլորը տեսնեն ժամանակակից Հայաստանի իրական խնդիրը՝ մշակույթը:
Մեր մշակույթը դարձել է փողը, Like-ը, պաշտոնը...
Այս ամենը ես չեմ համարում մշակույթ:
Մենք մշակույթ չունենք...
Կուզենայի մաքսատան մուտքը տեսնել այս շքեղ ծառուղով, որը տարվա բոլոր եղանակներին կողջուներ այցելուներին:
Կուզենայի, որ մարդիկ նկարվեին այս ծառերի ֆոնին:
Դուք ավերեցիք շատերի մանկության քաղցր հիշողությունները, շնորհակալություն բոլոր մասնակիցներին: Վայելեք ձեր մաքսազերծումը»: