Խոշոր վթար Արագածոտնի մարզում․ խմած վարորդը պնդել է, թե Փաշինյանի հետ է խոսում
Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում Կարբի գյուղի բնակիչ, 34-ամյա Դավիթ Մայիլյանը իր վարած Lada 110 մակնիշի B 948 HP 123 RUS համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 80-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե քարերին ու երթևեկությունը կարգավորող ցուցանակին և մի քանի պտույտ շրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, Շիրակի մարզի Նոր Կյանք գուղի բնակիչ, 43-ամյա Ավագ Վարդանյանը տեղում մահացել է, իսկ մյուս ուղևորներ, Կարբի գյուղի բնակիչ, 49-ամյա Սեյրան Գասպարյանն ու Գյումրի քաղաքի բնակիչ, 34-ամյա Խաչատուր Գենջոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն:
Վարորդը Ա. Քոթանջյանի որոշմամբ ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում վարորդը ոստիկաններին ու քննիչներին ասում էր, որ Աշտարակից գնում էր Գյումրի, երբ մի մեծ բեռնատար, որի վրա կար 8 լուսեր ու գցեց երեսին և նա չկարողացավ կառավարել ավտոմեքենան ու չի էլ զգացել, թե ինչպես է եղել: Իրավապահները մի քանի անգամ հարցնում էին նրան, թե ավտոմեքենան դու ես վարել, նա ասում էր. «Ես եմ վարել ու էդ գռուզավիկն էր մեղավոր, որ լույսերը գցել էր վրես»: Նա հերքում էր նաև, որ ինքը խմած է, մինչդեռ ապացուցվեց, որ մեքենան նա վարել է խմած: Վթարի մեղավոր վարորդը այնքան էր խմած, որ հեռախոսով ոստիկանների մոտ իր կարճ խելքով փորձում էր կարծիք ձևավորել, թե ինքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարդն է և հեռախոսով խոսալուց ասում էր. «Պարոն Փաշինյան, ես մեղավոր չեմ, իմ դեմը հելավ գռուզավիկը, ձեզ տեղեկացնում եմ, որ ես չեմ փախել ու հիմա ստեղ եմ»: Ոստիկանները նրան ասում էին, թե արի, որ մեքենայի զննություն կատարենք, նա պատասխանում էր՝ «Մի խանգարեք, Փաշինյանի հետ եմ խոսում»:
Լրատվականի հարցին, թե ինչ ասեց Փաշինյանը, նա պատասխանեց՝ «Լավ եղեք, ինքը ձեզ կզանգահարի»: Քննչական բաժնի պետի տեղակալ Ա. Քոթանջյանի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: