«Հարցդ կլուծեմ». Ներկայացել է որպես ոստիկան և քաղաքացու խոշոր չափի գումարներ հափշտակել

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է ոստիկանության աշխատակցի կոչումը յուրացնելու եղանակով քաղաքացուց խարդախությամբ խոշոր չափերի գումարներ հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 45-ամյա տղամարդուն:

ՀՀ Քննչական կոմիտեից, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձը՝ ծնված 1975թ., տեղեկանալով ծանոթի Ռուսաստանի Դաշնությունից արտաքսված լինելու փաստի մասին,  ներկայացել է որպես ՀՀ ոստիկանության աշխատակից եւ վերջինիս արտաքսման հարցի կարգավորումը օրինական ճանապարհով կազմակերպելու պատրվակով, պայմանավորվածություն է ձեռք բերել 1.000.000 ՀՀ դրամ գումարի դիմաց լուծել այդ հարցը եւ  2019թ. սեպտեմբերի 11-ից հոկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում հանդիպել է վերջինիս եւ մաս-մաս ստացել գումար:

Հանդիպումներից մեկի ժամանակ, 45-ամյա տղամարդը խարդախությամբ խոշոր չափերի հափշտակություն կատարելուն ուղղված գործողություններն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցրել, հերթական անգամ գումար ստանալուց անմիջապես հետո բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 45-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 317-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին եւ քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Քաղաքականություն