ՊՆ-ում քննարկվում է աղջիկներին ռազմամարզական վարժարան ընդունելու հարցը
Կանայք կարող են ստանալ զինվորական կրթություն, բարձրանալ զինվորական աստիճանակարգով բացառապես իրենց արժանիքների շնորհիվ. վեր տանող ուժի աղբյուր են լինելու միայն գիտելիքներն ու պրոֆեսիոնալիզմը. ըստ ՊՆ-ի՝ օրենսդրական հենքն ապահովված է, անցնում են կիրառման փուլին:
«Կանանց իրավունքների պաշտպանության եւ նրանց համար հավասար իրավունքների ապահովման հարցերը եղել ու շարունակում են մնալ պաշտպանության համակարգի բարեփոխումների կարեւոր մասը։ Անցած ուսումնական տարում մենք արդեն երկրորդ անգամ երկու ռազմաուսումնական հաստատություններից ունեցանք կին շրջանավարտներ, որոնք իրենց զինվորական ծառայությունը հաջողությամբ անցնում են սպայի ուսադիրներով»,- այս մասին այսօր՝ «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության վերաբերյալ համաժողովի ընթացքում նշեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։
Նա առանձնացրեց երեք նպատակ, որ այս հարցում առաջադրել է ՊՆ-ն: Նախ, զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցառումներում կարեւորվում են պաշտպանության համակարգում կանանց ներգրավման ընդլայնումը եւ կին զինծառայողների թվի ավելացումը։
Երկրորդ նպատակը Զինված ուժերում ծառայող կամ ծառայելու ցանկություն ունեցող կանանց համար ռազմական կրթություն ստանալու, պաշտոնի նշանակման, առաջխաղացման եւ այլ հարցերում հավասար հնարավորությունների ապահովումն է։
«Ընդամենը 10 օր առաջ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հոգաբարձուների խորհրդի նիստին ամենայն լրջությամբ քննարկում էինք աղջիկներին այնտեղ ընդունելու հարցը։ Մի քանի տեխնիկական խնդիր ունենք՝ կացարանի հետ կապված, դա փորձելու ենք մոտ ապագայում լուծել: Յուրաքանչյուր կին զինվոր պետք է ունենա այն վստահությունը, որ զինվորական ծառայությունը արժանիքահենք է, զինվորական աստիճանակարգությամբ իրեն վեր տանող միակ ուժն իր գիտելիքներն ու պրոֆեսիոնալիզմն է եւ որ վերընթաց շարժման որեւէ փուլում չի բախվելու որոշակի ապակե առաստաղի եւ չի մնալու միջին կամ ցածր օղակում»,- ասաց փոխնախարարը։
Երրորդ նպատակն այնպիսի միջավայրի ստեղծումն է, որտեղ կին զինծառայողի ներուժը լիարժեք պիտի իրացվի, որտեղ կին զինծառայողները կլինեն ոչ թե արդեն ընդունված որոշումների զուտ կատարողները, այլ՝ այդ որոշումների ընդունման ակտիվ մասնակիցները եւ ինչու չէ նաեւ որոշում ընդունողները՝ իրենց ենթակա անձնակազմի մասով:
«Այս նպատակները նոր չեն սահմանվել. 2014 թվականից ի վեր Պաշտպանության նախարարությունն, ինչպես՝ իր սեփական ռեսուրսներով, այնպես էլ միջազգային գործընկերների օժանդակությամբ աշխատանքներ է տարել պաշտպանության համակարգում. մասնավորապես՝ զինծառայության մեջ կանանց ներգրավման եւ առաջխաղացման իրավական եւ գործնական խոչընդոտները վերացնելու ուղղությամբ:
Պաշտպանության նախարարության բարեվարքության աշխատակազմի մեծ մասը կանայք են, եւ ես հպարտությամբ եմ նշում, սա, որ տղամարդ գեներալներին կարողանում են որոշակի կերպով այնպիսի հարցադրումներ անել, որ կատարումը չի հապաղում»,- ասաց Բալայանը:
Նա հավաստեց, որ հիմա կանանց եւ տղամարդկանց համար օրենսդրությամբ ամրագրված են ռազմական մասնագիտական կրթություն ստանալու, պաշտպանության համակարգում պետական ծառայության ընդունվելու, զինված ուժերում ծառայության անցնելու, պաշտոնի նշանակման, վերաորակավորման, առաջխաղացման եւ ծառայության հետ կապված այլ գործողությունների մասով հավասար իրավունքներ ունենալու եւ պարտականություններ ստանձնելու օրենսդրական երաշխիքներ: «Այսինքն, օրենսդրորեն մենք այս հարցը լուծել ենք, արդեն անցնում ենք դրա կիրառման փուլին»,- նշեց նա:
Գաբրիել Բալայանը հիշեցրեց, որ 2014 թվականից սկսած ՊՆ-ի եւ Հայաստանում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի միջեւ ստորագրվել է համագործակցության ամենամյա ծրագիր, որի առանցքը պաշտպանության հիմնահարցն էր: «Մեր միջազգային գործընկերներից Եվրոպայի Խորհրդի կողմից իրականացվող ծրագիրը, որ կոչվում է «Մարդու իրավունքները եւ կանայք զինված ուժերում», եւս թիրախավորում է կանանց իրավունքների պաշտպանության եւ հավասար իրավունքների ապահովման հիմնահարցերը: