ՍԴ-ում մի ճգնաժամ կա, ում անունը Վահե Գրիգորյան է. Գևորգ Պետրոսյան

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ կառավարության անդամ Ռուստամ Բադասյանին մի շարք հարցեր է ուղղել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը:

 

«Որևէ մեկը թող չփորձի անձնական վիրավորանք նկատել, որովհետև ես նման նպատակ չունեմ. ես զուտ իրավական խնդիրներ եմ բարձրացնելու. պարոն նախարար, այս նախագիծը ՍԴ անդամների վիճակը վատթարացնո՞ղ, թե՞ բարելավող նպատակ ունի, երկրորդ՝ ի՞նչ չափանիշով են ընտրվել ՍԴ անդամները, ինչո՞ւ չեք կիրառում ասենք Վճռաբեկ դատարանի դատավորների նկատմամբ, վերաքննիչ դատարանների, ԱԺ պատգամավորների, ես էլ կուզեմ՝ իմ 4 տարի 3 ամսվա աշխատավարձն ու խրախուսումները տան և գնամ ըմբոշխնեմ իմ համար ձմեռային երեկոների հաճույքը Հայաստանի տարբեր գեղատեսիլ վայրերում, ի՞նչ չափանիշով է ընտրվել 7-րդ գլխի ուժի մեջ մտնելու պահը, չկա՞ խնդիր նախկին դատավորներից ազատվելու, ոչ թե նորընտիր երկու դատավորներից:

 

Հետո դուք հարկատուների հետ զրուցե՞լ եք, նրանք պատրա՞ստ են աշխատանք չկատարող դատավորի կերակրել, սրանով չե՞ք գտնում, որ աղճատում ենք կենսաթոշակի ինստիտուտը: Ինձ ասել են, որ կենսաթոշակը աշխատավարձից պահված գումարների հատուցումն է օր ծերության: Հետո, երբ ասում եք` ՍԴ-ում կա ճգնաժամ, կոնկրետ ասեք՝ ի՞նչ ճգնաժամի մասին է խոսքը: ինձ իմ դասախոսներն ասել են, որ ճգնաժամն այն իրավիճակն է, երբ պետական մարմինը չի կարողանում լուծել խնդիրները: Էնտեղ մի ճգնաժամ կա, ում անուն ազգանունը Վահե Գրիգորյան է, ի՞նչ ճգնաժամի մասին է խոսքը, երբ չի կարողանում լուծում գտնել»,- հարցրել է նա:

 

Նախարարը պատասխանել է նրա հարցերին, ասել է. 

«Վերջից գանք, որպեսզի ընկալվի` «ճգնաժամ» ասելով ի՞նչ նկատի ունենք. հանրության վստահության մակարդակը դատական համակարգի նկատմամբ արձանագրվել է տարիներ շարունակ, հանրության ո՞ր մասն է վստահում, ո՞րն է կարծում, որ արդար է, «ճգնաժամ» ասելով դա նկատի ունենք»: 

Նախարարը մանրամասն պատասխանել է հարցերին, արձագանքելով նրան՝ Գևորգ Պետրոսյանը նշել է, որ չի պատասխանել իր հարցերին, ապա հավելել. 

«Եթե մարդն անվստահություն է ներշնչում, նրան դրախտի պուտյովկա եք տալի՞ս»: