«Փաստ». Մարզերում տնտեսական ակտիվության մակարդակը չի բարձրացել. համաչափ զարգացումը միայն ասֆալտապատումը չէ
«Փաստ» օրաթերթը գրում է.
Տարածքային համաչափ զարգացումը ժամանակակից հիմնախնդիր է, քանի որ ողջ աշխարհում տեղի է ունենում բնակչության և ռեսուրսների կենտրոնացում խոշոր քաղաքներում, ինչի արդյունքում էլ տարածքային մասշտաբով զարգացումը անհամաչափ տեսք է ստանում:
Իսկ այդպիսի անհամաչափությունները սոցիալական ու տնտեսական զարգացման մակարդակների շեղումներն են, որոնք խոչընդոտում են տնտեսական աճն ու կայուն մարդկային զարգացումը ինչպես առանձին տարածքներում, այնպես էլ ողջ երկրում:
Տարածքային անհամաչափ զարգացման խնդիրը մտահոգիչ է նաև ու հատկապես Հայաստանի համար: Տնտեսական զարգացումը հիմնականում կենտրոնացել է Երևանում, Արարատյան դաշտի հատվածում, որի հետևանքով առաջ են եկել երկրի տարածքներում բնակչության կենսամակարդակի ու մարդկային զարգացման բնութագրիչների խիստ արտահայտված տարբերություններ: Այս անհամաչափությունների արդյունք է դարձել որոշ մարզերի համախառն ներուժի մակարդակի անկումը, որն առաջ է բերել այնպիսի բացասական երևույթ, ինչպիսին արտագաղթն է, տնտեսական ակտիվության նվազումը և այլն: Ուստի հենց սրանով է պայմանավորված, որ ՀՀ կառավարությունը որդեգրել է տարածքային զարգացման անհամաչափությունները մեղմելուն ուղղված համալիր քաղաքականություն:
Եվ պատահական չէ, որ ներկայումս իշխող ուժ հանդիսացող «Իմ քայլը» դաշինքը նախընտրական ծրագրում իր հիմնական գերակայություններից մեկն էր համարում հավելյալ արժեք գեներացնող ենթակառուցվածքների (ավտոճանապարհներ, ջրամբարներ, ջրագծեր՝ ոռոգման, խմելու ջրի, ջրահեռացման, էլեկտրահաղորդակցության ցանցեր, համացանցի հասանելիություն) շարունակական բարելավմամբ տարածքային համաչափ զարգացում ապահովելը:
Իսկ թե ինչքանով են «Իմ քայլի» նպատակադրումներն իրականություն դարձել, հարկ է դիտարկել կառավարության կողմից տարվող քաղաքականության արդյունքները: Երևանից դեպի մարզեր այս ընթացքում ռեսուրսների ապակենտրոնացում տեղի չի ունեցել, մարզերում տնտեսական ակտիվության մակարդակը չի բարձրացել, և գրեթե միակ տեսանելի ձեռքբերումը, որը կառավարությունը շարունակում է տարփողել, ընդ որում՝ արդարացիորեն, ճանապարհների ասֆալտապատումն է:
Առավել մանրամասնՙ թերթի այսօրվա համարում