Թմրանյութ պահելու մեջ մեղադրվող պաշտոնյան ազատ արձակվեց
Նոյեմբերի 25-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք –Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Ռազմիկ Ադամյանը միջնորդություն է ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության Շենգավիթի դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երեւանի բնակիչ, 50-ամյա Արթուր Հայրապետյանի նկատմամբ: Այդ մասին shamshyan.com-ը:
Դատավոր Դավիթ Բալայանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, որոշել է մերժել ավագ քննիչ Ռ. Ադամյանի միջնորդությունը, և Ա. Հայրապետյանը, ում նկատմամբ քրեական գործ է հարուցվել թմրանյութ պահելու հատկանիշներով, դատարանից ազատ է արձակվել:
Ըստ աղբյուրի՝ նրա հետ ոստիկանություն բերման ենթարկվածներից Մ. Մոսինյանը պարզվել է՝ աշխատում է «Քամերո» ՍՊԸ-ի տնօրեն, Է. Պողոսյանը աշխատում է «Յանդեքս» տաքսի ծառայությունում:
Դատարանի որոշմամբ ազատ արձակվածը Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Էկոտուրիզմի աջակցության և զարգացման բաժնի պետ, 50-ամյա Արթուր Հայրապետյանն է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 22-ին ոստիկանության Երևանի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների կողմից ստացված օպերատիվ տվյալների համաձայն, այնուհետև, համագործակցելով ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի իրենց գործընկերների հետ, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Խանջյան փողոցի «Վերնիսաժ» տոնավաճառի մոտից ոստիկանության կենտրոնական բաժին էին բերման ենթարկել մի քանի քաղաքացու՝ Երևանի բնակիչներ 40-ամյա Գևորգ Պետրոսյանին, 50-ամյա Արթուր Հայրապետյանին, 48-ամյա Մանվել Մոսինյանին և 50-ամյա Էդուարդ Պողոսյանին: Նշյալ քաղաքացիները եղել են Mercedes մակնիշի ավտոմեքենայով:
Աղբյուրը նաև նշում է, որ անձնական խուզարկությամբ Գ. Պետրոսյանի մոտից հայտնաբերվել է 1 հատ ներարկիչ մոտ 1,5 մլ թափանցիկ հեղուկ զանգվածով լցված, անձեռոցիկի մեջ փաթեթավորված մոտ 1,2 գ դեղնականաչավուն զանգված, 1 հատ փայտե ծխամորճ, 1 հատ 10 մգ ծավալով դատարկ ներակիչ, իսկ Ա. Հայրապետյանի մոտից հայտնաբերվել է 1 ամբողջական և 2,5 (B8) գրառմամբ «Սուբոտեքս» տեսակի թմրամիջոցի նմանվող դեղահաբեր, Մ. Մոսինյանի մոտից հայտնաբերվել է 3 հատ «Լիրիկա 10 մգ» գրառմամբ դեղահաբեր:
Դեպքի վայրում կատարելով զննություն՝ Mercedes մակնիշի ավտոմեքենայի սրահի առջևի աջ նստատեղի վրայից հայտնաբերվել էր 0,2 մլ տարողությամբ ներարկիչ, որի մեջ առկա է եղել 0,1 մլ ծավալով անգույն յուրահատուկ հոտով հեղուկ, իսկ առջևի աջ նստատեղի դիմացի ոտնամանի վրայից հայտնաբերվել է «Վագա- ֆարմ» գրառմամբ պոլիէթիլենային տոպրակ, որում եղել է 4 հատ ներարկիչի բացված փաթեթներ, 1 հատ 2 մլ տարողությամբ դատարկ ներարկիչ, 1 հատ ապակյա սրվակ, 2 հատ 2 մլ տարողությամբ դատարկ սրվակներ, 1 հատ բացված և կիսով չափ լցված 2 մլ տարողությամբ հեղուկով սրվակ, 49 հատ դեղին գույնի դեղահաբեր: