Բնակիչները դեմ են վթարային շենքերից տարհանմանը, մարդիկ կորցրել են վստահությունը իշխանությունների հանդեպ. Մարության
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ արձակուրդն օգտագործել է, որպեսզի եվրոպական մի շարք քաղաքներ այցելի եւ հանդիպումներ ունենա տարբեր մասնագետների հետ:
«Մասնավորապես ինձ հետաքրքրում էր տրասպորտային հարցը, աղբահանություն, աղբամշակում եւ սորտավորում»,-ասաց Մարությանը: Անդրադառնալով «Լույս» խմբակցության այն հայտարարությանը, թե Երեւանի հիմնախնդիրները դուրս են մնացել հնգամյա զարգացման ծրագրից, մասնավորապես դուրս է բերվել տրանսպորտի հարցը, Մարությանը պատասխանեց՝ ոչ մի հարց դուրս չի մղվել: Նա նշեց, որ ամենօրյա ռեժիմով աշխատում է այդ հարցի շուրջ:
Քաղաքապետը նաեւ անդրադարձավ նաեւ 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու հարցին, նկատելով, որ այդ հարցը դուրս է համայնքի լիազորությունից: «Այնուամենայնիվ համայնքն իր վրա որոշ պարտավորություններ է վերցրել, եւ մենք շատ կոնկրետ գործողություններ ենք անում: Այստեղ շատ խանգարող հանգամանքներ կան, մեզ օրենսդրական փոփոխություններ են պետք: Հատկապես բազմաբնակարան շենքերի մասին օրենքում օրենսդրական մի շարք փոփոխությունների կարիք կա»,- ասաց նա:
Մարությանը հայտնեց, որ դիմել են Կառավարությանը եւ Ազգային ժողովին: Նպատակ ունեն ավելացնել կետ, որով հնարավորություն կունենան հարկ եղած դեպքում քաղաքացիներին տարհանելու անգամ առանց իրենց համաձայնության: «Այն շենքերը, որոնք խնդիր ունեն, մենք գտել ենք կառուցապատող: Կառուցապատողը բանակցել է շենքի բնակիչների հետ, պատրաստ է շենքը վերցնել, քանդել, տեղը սարքել նորակառույց տալ իրենց համապատասխան բնակմակերես»,-ասաց Մարությանը:
Ըստ քաղաքապետի՝ նախատեսված է, որ մինչեւ կկառուցվի տարհանված բնակիչների համար նախատեսված նորակառույցը բնակիչները կապրեն վարձով բնակարան, որը ըստ քաղաքապետարանի հաշվարկիի 1,5 2 տարի կտեւի:
Մարությանը նշեց, որ բնակիչները դեմ են տարհանմանը. «Այստեղ կարող է լինել վստահության հարց, քանի որ տարիների ընթացքում մարդիկ կորցրել են վստահությունը իշխանությունների հանդեպ, բայց լավագույն իրավաբանների միջոցով մենք ամենուժեղ պայմանգիրներն ենք կնքելու իրենց հետ: Նրանք ամեն դեպքում չեն կարող այդ խնդրում պարտված մնալ»: