ԿԳՄՍ փոխնախարարը` Մել Դալուզյանի և «100 գաղափար Հայաստանի համար» նախագծի մասին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանը չի մեկնաբանում Մել Դալուզյանի մասին ֆիլմի համար նախարարությունից 20 միլիոն դրամ հատկացնելու որոշումը։
«Ասուլիսի շրջանակներում չվերաբերելի հարցերի չեմ պատրաստվում պատասխանել։ Նախարարության դիրքորոշումը ձեր նշած հարցի հետ կապված հրապարակվել է, կարող եք ծանոթանալ», - ասել է փոխնախարարը։
Դիտարկմանը՝ պատրա՞ստ է ասուլիսից դուրս խոսել այդ մասին, փոխնախարարն արձագանքեց. «Չեմ մեկնաբանում»։
Նախարարը հայտնեց, որ նախարարության աջակցությամբ Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդների և հեղինակային խմբերի շրջանակում անցկացվում է «100 գաղափար Հայաստանի համար» երիտասարդական մրցույթը, որին ներկայացվել է 17 հայտ:
«Մրցույթը 2017 թվականից ի վեր է անցկացվում։ Մրցույթն անցկացվում է հանրապետությունում նորարարական մտածողությունը զարգացնելու, սոցիալ-տնտեսական կյանքին երիտասարդների ներգրավվածությունը ապահովելու համար», - ասաց փոխնախարարը։
Դեկտեմբերին Երևանում կկազմակերպվի մրցույթի եզրափակիչ փուլ անցած լավագույն նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների ցուցահանդեսը։ Դրան կհաջորդի հանձնաժողովի նիստ, որում հեղինակները կներկայացնեն իրենց նախագծերը և համապատասխան հանձնաժողովը կգնահատի դրանք։ Մրցույթի հինգ հաղթողները կստանան խրախուսական պարգևներ ու հավաստագրեր։
Փոխնախարարը շատ կարևորեց մրցույթը, սակայն չնշեց, թե պետական բյուջեից որքան գումար է հատկացվել մրցույթի անցկացման համար։