ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Վանաձորի գլխավոր կամուրջներից մեկի վրա լայնական ճաք է առաջացել

Վանաձոր քաղաքի Բաղրամյան կամրջի վրա լայնական մեծ ճաքեր են առաջացել, տվյալ հատվածում ասֆալտի հաստ շերտը քանդվել է, պոկվել ու առանձնացել, ինչի հետեւանքով արդեն իսկ երեւում են կամրջի տակ կառուցված մետաղե կոնստրուկցիաներն ու բետոնե հենապատերը:

Բացված ճեղքերից պարզ երեւում է կամրջի ներքեւի հատվածը: Վանաձորցի վարորդներն այս մասին ահազանգել էին օրեր առաջ՝ հրավիրելով համայնքային ու մարզային իշխանությունների, այդ թվում՝ քաղաքապետի ու մարզպետի ուշադրությունը:

Այս մասին տեղեկանում ենք armtimes.com-ից:

 

Ստեղծված իրավիճակը, բացի վտանգավոր լինելուց, նաեւ վթարային իրավիճակի պատճառ է դառնում վարորդների համար: Կամրջի քարուքանդ եղած հատվածը շրջանցելու ժամանակ վարորդները պետք է երթեւեկեն հանդիպակաց ուղղությամբ, հակառակ դեպքում, անցնելով քանդված հատվածի վրայով, կարող են շարքից հանել ու ջարդել մեքենան:

 

Վանաձորի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ ճարտարապետության բաժնի պետ Սուրեն Աբովյանը ՀԺ-ի հետ զրույցում մասնագիտորեն ներկայացնելով ստեղծված իրավիճակը, ասաց, որ ցանկացած տրանսպորտային երթեւեկության ենթակառուցվածք, լինի դա կամուրջ կամ թունել, որոնք աշխատում են դինամիկ բեռների տակ, ի սկզբանե կառուցվում եւ շահագործվում են կոնստրուկցիաների հոդակապային միացումներով: 

 

 

«Այսինքն իրենք ունեն թույլատրելի չափ, որի դեպքում կարող են տատանվել, եւ դրա արդյունքում այդ հանգույցները պատող նյութերը, որոնք կոսմետիկ են, այս դեպքում ասֆալտի շերտը, անընդհատ կարող է ճաքել: Նույն ճաքերը կան նաեւ մյուս հանգույցներում ու հեծաններում, հիմա այս մեկինը երեւի ջերմաստիճանային կտրուկ փոփոխության հետ է կապված, այս դեպքում ճաքը մեծ է մի փոքր»,- ասաց Աբովյանը՝ նկատելով, որ ժամանակին նաեւ այդ հանգույցի կարերը սխալ են կառուցել. «Այդտեղ պետք է մետաղական թել լիներ կամ հանգույցից միջադիր, որը փաստացի չկա: Մենք հիմա այդ հանգույցն ենք մշակում, նախագիծ-նախահաշիվ կկազմենք եւ առաջ կտանք»:

 

Քաղաքի գլխավոր ճարտարապետը վստահեցրեց՝ խնդիրը միայն կոսմետիկ է, եւ որ կոնստրուկտիվ նստվածքներ ու ճաքեր չկան, հետեւաբար՝ վտանգ չկա. «Բայց նաեւ կուզեմ նշել, որ ցանկացած կամուրջ գոնե 30 տարին մեկ պետք է հիմնանորոգվի, ցանկալի կլինի հետագայում դիտարկել նաեւ ամբողջ կամուրջի թարմացումն ու հիմնանանորոգումը»:

 

Կամուրջը կառուցվել է 1980-ական թվականներին, երկրաշարժից հետո ամրացման աշխատանքներ են տարվել: Դրանից հետո, բացի կոսմետիկ աշխատանքները, ոչինչ չի արվել: