Լավրովը գալիս է Հասայստան. ՌԴ փորձագետները կստանան ազատ մուտք ԱՄՆ-ից վերազինված բիոլաբորատորիաներ

Ռուսաստանի առողջապահության եւ ռազմական ոլորտի մասնագետների համար կապահովվի ազատ մուտք Հայաստանում ԱՄՆ-ի միջոցներով վերազինված բիոլաբորատորիաներ, որոնք Մոսկվայի մոտ առաջացնում են մտահոգություն:

 

Ինչպես հայտնում է «Կոմերսանտ» թերթը, hամապատասխան հուշագիր Հայաստանի ու ՌԴ-ի միջեւ կստորագրվի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նոյեմբերի 10-11-ին Երեւան նախատեսվող այցի ժամանակ:

 

Ռուսաստանը բազմիցս քննադատել է ԱՄՆ-ին իր սահմանների մոտ «ռազմական բժշկա-բիոլոգիական ակտիվության» համար եւ խոստացել հասնել նրան, որ տվյալ լաբորատորիաների գործունեությունն իր համար թափանցիկ դառնա:

 

Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ համապատասխան փաստաթղթի ստորագրումը կարեւորում են ՌԴ-ում, նշում է «Կոմերսանտ»-ի դիվանագիտական աղբյուրն ու հավելում. «Հասել ենք սկզբունքային պայմանավորվածության: Մնացել է համաձայնեցնել որոշակի շտրիխներ»:

 

Նշվում է, որ համաձայն պայմանավորվածության, ՀՀ-ում ԱՄՆ-ի միջոցներով վերազինված լաբորրատորիաներ կկարողանան այցելել Ռուսաստանի առողջապահության ու պաշտպանության նախարարությունների փորձագետները:

 

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն արդեն հաստատել է Լավրովի Հայաստան այցի մասին լուրը՝ նշելով, որ Աշխատանքներ են տարվում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Երևան այցի կազմակերպման շուրջ: Նա նաեւ ոչ հաստատել, ոչ հերքել է այդ այցի շրջանակում հայ-ռուսական հուշագրի ստորագրման մասին տեղեկությունը: «Հայ-ռուսական իրավապայմանագրային դաշտի ընդլայման շուրջ աշխատանքները կրում են շարունակական բնույթ», - ասել է նա Aysor.am-ի հետ զրույցում։

 

ԱՄՆ-ի աջակցությամբ արդիականացված լաբորատորիաներ, որտեղ բիոլոգիական հետազոտություններ են արվում, ուսումնասիրվում վիրուսներ, գործում են Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում եւ Ղազախստանում:

 

Մոսկվայում այդ կառույցների գործունեությանը կասկածամտորեն են վերաբեվում: Պատճառներից մեկն այն է, որ դրանց վերազինումը ֆինանսավորել է ԱՄՆ-ն: Հայաստանի Հիվանդությունների պրոֆիլակտիկայի եւ վերահսկողության ազգային կենտրոնի վերազինման համար Պենտագոնը հատկացրել է 10 մլն դոլար:

 

Դեռ անցյալ տարի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ՌԴ-ից մասնագետները թույլտվություն են ստացել մուտք գործել Հայաստանի տարածքում ԱՄՆ ֆինանսավորմամբ կառուցված լաբորատորիաներ, որոնք զբաղվում են բիոնյութերի ուսումնասիրությամբ:

 

«Բառացիորեն 10-15 օր առաջ իմ հանձնարարությամբ ռուս մասնագետներին թույլ է տրվել մուտք գործել այդ լաբորատորիաներ»,- հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը: Ընդ որում՝ նա ընդգծել էր, որ Ռուսաստանից փորձագետները «երբեք մուտքի խնդիր չեն ունեցել և չեն ունենա այն պահից ի վեր, երբ նա դարձել է Հայաստանի վարչապետ»:


 

Պատահարներ