Արմեն Սարգսյանն այսօր Տոկիոյում հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Տոկիոյում հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Երկու երկրների նախագահները, բազմաթիվ համաշխարհային առաջնորդների հետ, Ճապոնիայի մայրաքաղաքում մասնակցում են կայսր Նարուհիթոյի գահակալության պաշտոնական արարողությանը։
«Մենք լավ հարևաններ ենք, և միշտ էլ հաճելի է հանդիպել բարեկամ երկրի նախագահի հետ»,- ողջունելով Սալոմե Զուրաբիշվիլիին՝ նշել է Հայաստանի նախագահը։
Ընդգծելով, որ հայ և վրացի ժողովուրդները հազարամյակների բարեկամության պատմություն ունեն, որը, վստահաբար, շարունակվելու է նաև հետագա հազարամյակներում, նախագահ Արմեն Սարգսյանն ասել է. «Մենք ունենք համագործակցության շատ լայն սպեկտր և, անկասկած, հսկայական ներուժ։ Մեր համատեղ գործունեության հնարավորությունները շատ ավելի մեծ են, և միասին կարող ենք շատ ավելին անել մեր երկրների ու ժողովուրդների համար»։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր հերթին նշել է, որ երկու ժողովուրդները միասին երկար ճանապարհ ունեն անցնելու, և նրանցից է կախված, թե ինչպես կօգտագործեն տարածաշրջանում առկա մեծ ներուժը։ Նա Հայաստանի իր գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրել է Վրաստան։
Երկու երկրների նախագահները խոսել են տարբեր ոլորտներում փոխշահավետ գործակցության մասին։ Նախագահ Սարգսյանը, մասնավորապես, կարևորել է նախագահական տարբեր նախաձեռնությունների շրջանակում համագործակցությունը, որը կարող է ընդգրկել նոր տեխնոլոգիաների, կրթության ոլորտները։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային համագործակցության ու զարգացումների շուրջ։ Նշելով, որ Կովկասը մի տարածաշրջան է, որտեղ խաչվում են տարբեր քաղաքակրթություններ ու մշակույթներ, և բավականին մեծ են փոխգործակցության ու համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները՝ նրանք համաձայնել են, որ միմյանց նկատմամբ հարգանքը, հանդուրժողականությունն ու կայունությունն առաջընթացի կարևոր և անհրաժեշտ պայման են:
Նմանատիպ հոդվածներ
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, այս մասին նա գրել է իր ֆեյս...
Արսեն Բաբայանը կալանավորվեց. դատարանը հրապարակեց որոշումը
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, քիչ առաջ որոշեց կալանավորել ՀՀ Ազ...
Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա կհղի՝ զենքի տենդերի ձախողման համար
Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա կհղի՝ զենքի տենդերի ձախողման համար, որին մասնակցել է ռուսական ORSIS ընկերությունը։ Այս...
Գագիկ Հարությունյանն ու Արա Բաբլոյանը հրավիրվել են ՀՔԾ
Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն ու ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն այս պահին ՀՔԾ-ում են։ Այս...