Քոչարյանը այս աշխարհում հորս չի կարող հանդիպել, վստահ եմ՝ գիտեր սա. Ա Հովհաննիսյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար, նախկին ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը պատասխանել է ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի կողմից երեկ հնչեցված հայտարարություններին: 

 

Հիշեցնենք, որ Քոչարյանը երեկ հայտարարել էր, որ չի պատրաստվում ներողություն խնդրել Արփինե Հովհաննիսյանից, եթե վիրավորել է նրա հորը՝ պատրաստ է հանդիպել եւ զրուցել նրա հետ:

 

Արփինե Հովհաննիսյանն իր պատասխանում գրել է, որ հայրը վաղուց մահացել է: Հովհաաննիսյանի պատասխանը ներկայացնում ենք ստորեւ. «Երկու օր է մտածում եմ՝ ինչպես արձագանքել Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը։


Ժամանակն անհրաժեշտ էր իմ ներսում ներդաշնակություն ու խաղաղություն հաստատելու համար, որպեսզի ինձ ավելորդ արտահայտություններ թույլ չտամ։

 

Քաղաքական գործունեությունը, իսկ հատկապես իշխանափոխությունը ինձ թրծել է եւ դարձրել տոկուն ցանկացած հարձակումների հանդեպ, ավելին՝ ոչ մի վատ, ստոր, նողկալի բան այլեւս չի զարմացնում, բայց այս դեպքը շատ երկար մտորելու առիթ տվեց։ Ու խնդիրը ոչ այնքան ինձ հասցված վիրավորանքն էր, այլ այն արժեհամակարգը ու մարդկանց այն տեսակը, որը կարող էր նորաձեւ դառնալ Ա. Քոչարյանի հայտարարությունից հետո, քանի որ ցանկացած ժամանակ ծնում եւ բազմացնում է իրեն բնորոշ մարդկանց տեսակը։ Ու հիմա, երկար մտորումների ու տառացիորեն, հազարավոր մարդկանց աջակցությունից հետո, արձագանքս Ա. Քոչարյանին պետք է լինի շնորհակալությունը եւ գնահատանքը։

Մարդկանցից միշտ պետք է սովորել՝ ինչպիսին լինել, առավել հաճախ՝ ինչպիսին չլինել:

 

• Գնահատում եմ Ա. Քոչարյանի փայլուն մաստեր-կլասը՝ թե ինչպիսին ՉՊԵՏՔ է լինի տղամարդը, քաղաքական գործիչը, տղամարդու վերաբերմունքն առ կին կամ քաղաքական գործչի վերաբերմունքն առ քաղաքական ընդդիմախոս, որի բերած փաստարկին բովանդակային պատասխան չունես։

• Շնորհակալ եմ Ա. Քոչարյանին, բացահայտելու իր տեսակի «տղամարդկանց» որոշակի քանակ եւ իհարկե նրանց սատարող տիկնանց նույնքան քանակ, նաեւ այն տիկնանց երեսպաշտությունը բացահայտելու համար, ովքեր ընդամենը մեկ օր առաջ խոսում էին վիրավորանքի անթույլատրելիությունից, իմ անունից կեղծ սքրիններ էին տարածում ու բանաձեւում, թե ինչ է երեսպաշտությունը, պարկեշտությունը ու էլի վեհ վեհ բաներ, բայց այսօր լուռ էին։

• Շնորհակալ եմ սույն պարոնին, որովհետեւ նրա հայտարարությունը թույլ կտա տարբերակել այն մարդկանց, ում խոսքը արժեք ունի, ումը՝ ոչ։ Երբ «Իմ քայլ»-ը դաշինքից առանձին մարդիկ նամակով ինձ գրում էին, աջակցություն էին հայտնում, իմ պատասխանը հետեւյալն էր ՝ որպես մարդ անկեղծորեն գնահատում եմ ձեր վերաբերմունքը, իսկ ինստիտուցիոնալ առումով պետք է լինի քաղաքական ուժի գնահատական՝ իր ղեկավարի արժեհամակարգին համապատասխան։
Ու գնակատականի ուղին շատ պարզ է՝ էթիկայի հանձնաժողովի ստեղծումը։ «Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը արդեն սկիզբ է դրել գործընթացին, ու բոլոր պատգամավորները, այդ թվում՝ իմ քայլականներ առիթ կունենան ՔԱՅԼՈՎ ցույց տալու ինչպես են վերաբերում նմանատիպ հայտարարություններին։
Ի դեպ, որոշ իմ քայլականներին, խորհուրդ եմ տալիս տիեզերական մասշտաբի փարիսեցիություն չանել՝ հայհոյանքի մշակույթի մասին խոսելիս։ Այդ մշակույթի առաջին մունետիկին տանս դիմաց եմ տեսել՝ 2018 թվականի մայիսին ու այդուհետ։ Տեսնում եմ ամեն օր, եթե տեղը չգիտեք՝ ասեք։ Բումերանգի մասին խոսելիս սա հիշեք ու... լռեք։ Այն ՄԻՇՏ անխափան է գործում ու դեռ գործելու է։

• Ամենաշատը ու անկեղծը գնահատում եմ Անդրանիկ Քոչարյանի ՆԵՐՈՂՈՒԹՅՈՆ Չխնդրելը։ Ասում են՝ կեղծավորությունը բոլոր մեղքերից ամենաաններելին է, երբ ինքնին ապաշխարանքն արդեն կեղծ է։ Ներողություն խնդրելով նա կեղծելու էր ինքն իրեն։

• Գնահատում եմ Ա. Քոչարյանի քայլը, քանզի էլի ավելի ամրապնդեց համոզմունքս երբեք չընկրկել, երբեւէ չլինել ինձ վիրավորողների նման՝ հավատարիմ մնալով իմ սկզբունքներին եւ արժեհամակարգին։

• Ու ամենակարեւորը՝ ես շնորհակալ եմ Ա. Քոչարյանին, որ ցույց տվեց, որ խավարին միշտ հաջորդում է լույսը։


Երկու օր է բազմահազար մարդիկ (իրական ու ոչ ֆեյք՝ ինչպես ժանրի հերոսն է պնդում, կյանքից սիրված պայծառ մարդիկ, այլ ոչ լուսանցքում գտնվողներ ) իրենց զորակցություն են հայտնել ինձ՝ անասելի մեծ հույս արթնացնելով, որ դեռ ամեն ինչ կորած չէ, որ մեր հասարակությունում կան մարդիկ, ովքեր գիտեն, թե ինչ է արժանապատվությունը, վերհանձնությունը, ովքեր զերծ են երեսպաշտությունից եւ ի զորու են սրտե աջակցել։
Սիրելի ու ուժեղ կանայք, հարգելի ու արժանապատիվ տղամարդիկ, ընկերներ, նախկին ու ներկա գործընկերներ, պարզապես անծանոթ մարդիկ ԱՊՐԵՔ, որ վեր կանգնեցիք ամեն տեսակ «եթե»-ներից, «բայց»-երից քաղաքական ու այլեւայլ նախընտրություններից ու լսելի դարձրիք ձեր ձայնը։ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ։ Առանձնակի ուզում եմ ընդգծել Սասուն Միքայելյանի վերաբերմունքը։

  •  

Հ.Գ. Մամ ջան, արեւս կներես ինձ՝ էս ամենի միջով անցնելու համար։ Դու իմ ուժն ես ու հպարտությունը։
Հ.Հ.Գ. Ա. Քոչարյանը այս աշխարհում հորս չի կարող հանդիպել՝ շաաաատ վաղուց։ Վստահ եմ՝ գիտեր սա»։

 

 

 

Քաղաքականություն