Սատանայի փաստաբան լինելը ձեր միակ կարգավիճակն է եղել. Սիմոնյանը` Թովմասյանին
Հրայր Թովմասյանը անհարգալից վերաբերմունք է դրսեւորել Ազգային ժողովի նկատմամբ՝ տարանջատելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը։ Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա նշեց, որ բացասական է գնահատում ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու որոշման նախագծի քվեարկությանը Թովմասյանի ներկա չլինելու հանգամանքը։
Հիշեցնենք, որ ԱԺ-ն այսօր քննարկում է Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշման նախագիծը, իսկ Հրայր Թովմասյանը հայտարարել է, որ նպատակահարմար չի գնում մասնակցել քննարկմանը։ Թովմասյանը հայցել է միայն «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների ներողամտությունը՝ Ազգային ժողովի նիստում հարցի քննարկման ժամանակ իրեն հարցեր ուղղելու հնարավորություն չտալու առնչությամբ: Նշենք, որ ԲՀԿ-ն հայտարարել էր, որ նախագծի քվեարկությանը չի մասնակցելու։
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձավ նաեւ Հրայր Թովմասյանի՝ երեկվա հարցազրույցում հնչեցրած այն մտքին, թե իր լիազորությունների դադարեցման գործընթացը քաղաքական է եւ մեկ նպատակ է հետապնդում՝ քաղաքական որոշումների ընդունման ճանապարհին չեզոքացնել ՍԴ-ն, որպես արգելապատնեշ, որպես խոչընդոտ, մի մարմին, որը կարող է քաղաքական որոշումերին ասել ստոպ, որովհետեւ այն հակասում է Սահմանադրությանը։ Սիմոնյանն այս հայտարարությունն ուղղակի անընդունելի որակեց՝ շարունակելով․
«Պարոն Թովմասյան, դուք Սահմանադրական դատարանը չեք, դուք ընդամենը մեկ անդամն եք այդ դատարանի, մի վերագրեք ձեզ ամբողջ դատարանի ֆունկցիան, մի փորձեք դրանով «հանցակից» սարքել մնացած անդամներին, դատավորներին»,- ասաց Սիմոնյանը։
Նա նկատեց, որ շատ կարեւոր է նաեւ լեզվամտածելակերպը՝ նկատի ունենալով Հրայր Թովմասյանի պնդումը, թե ԱԺ որոշման նախագիծը քաղաքական է․
«Ասում եք՝ քաղաքական որոշում։ Մեկ հարցի շուրջ է այս օրերին քննարկում եղել, որի հետ կապված մի որոշում եք հրապարակել, որով հետաքրքրված կողմերը ընկել են, ժողովրդական լեզվով ասած, կոֆեի բաժակ նայողի մոտ, որ հասկանան՝ ինչ եք գրել, ի՞նչ քաղաքական որոշման մասին է խոսքը»,- ասաց Սիմոնյանը՝ նկատի ունենալով Քոչարյանի պաշտպանների դիմումի վերաբերյալ ՍԴ աղմկահարույց այն որոշումը, որով հակասահմանադրական էր ճանաչվել Քրդատ օրենսգրքի 35-րդ հոդվածը, որը վերաբերում էր քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքերին։
Ալեն Սիմոնյանն իր ելույթում նշեց, որ Սահմանադրական դատարանը, ՍԴ դատավորը, ընդհանրապես դատավորները պետք է վստահություն վայելեն քաղաքացիների մոտ, իսկ Հրայր Թովմասյանը, Սիմոնյանի պնդմամբ, այդ վստահությունը չի վայելում․
«Դուք վստահություն չեք վայելում, որովհետեւ Սերժ Սարգսյանի համար Սահմանադրություն, Ընտրական օրենսգիրք եք գրել, որպեսզի նա կարողանա վերարտադրվել, տեսնի՝ ով ինչքան ձայն ա բերում։ Հանրությունը չի վստահում եւ չի վստահելու ձեր որոշումներին»,- ասաց ԱԺ փոխնախագահը՝ շարունակելով․
«Ասում եք՝ նա չկա, ով ինձ նշանակել է․ այո, նա չկա, ձեզ նա՛ չի նշանակել, ձեզ ԱԺ-ն է նշանակում, նա չկա ու դուք գնալու եք նրա հետեւից։ Սատանայի փաստաբան լինելը ձեր միակ կարգավիճակն է եղել նախորդ իշխանության տարիներին, դուք եղել ենք նրանց պրոյեկտներն իրականացնողները, իրավական ձեւակերպում տալու համար ձեզ վարձահատույց են եղել, դուք վստահություն չեք վայելում պարոն Թովմասյան»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։