ԲՀԿ-ն որևէ կերպ կապ չունի Հրայր Թովմասյանի անձի հետ. Պետրոսյան

Թող ոչ ոք չփորձի մեզ կապել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի անձի հետ: Այս մասին ԱԺ-ում ՍԴ նախագահի լիազորություններից Հրայր Թովմասյանին զրկելու մասին նախաձեռնության քննարկման ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

 

Նրա խոսքով՝ տվյալ հարցը հնարավոր է լուծել միայն իրավական դաշտում, ինչի մասին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորները բազմիցս հայտարարել են:

 

«Որպես իրավաբան Հրայր Թովմասյանն ի վիճակի է պաշտպանել ինքն իրեն առանց մեր օգնության… Ավելին ասեմ՝ կար ժամանակ, երբ Հ.Թովմասյանը ինձ հետաքրքրում էր այնքան, որքան թռչնի գրիպը՝ Մովսես Խորենացուն»,- ասել է  Պետրոսյանը՝ ընդ որում նշելով, որ ՀՀ օրենսդրության մեջ չի նշվում, որ քավոր-սանիկ կապը որեւէ իրավական կատեգորիա ունի:

 

Նշենք, որ «Իմ քայլի» կարծիքով՝ Հ.Թովմասյանի լիազորությունների դադարեցման հիմք է նաև այն, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի քննությանը նրա մասնակցությունն անհնար է եղել, քանի որ նա անձնական կապեր ունի Ռ.Քոչարյանի փաստաբաններից մեկի՝ Արամ Օրբելյանի հետ: Վերջինս նրա սանիկն է: Այդ փաստի կապակցությամբ նշվում է, որ ցանկացած դատավոր, որի անաչառության հետ կապված հիմնավոր կասկածներ կան, պետք է վայր դնի լիազորությունները:  

 

Եթե խորհրդարանն ընդունի նախագիծը, այն կուղարկվի Սահմանադրական դատարան։ Այս նախագծի ընդունման համար անհրաժեշտ է պատգամավորների 80 ձայն, այսինքն՝ խորհրդարանականների ընդհանուր թվի 3/5-ը։ Բայց որոշումը կունենա երաշխավորական բնույթ։ Վերջնական որոշումն ընդունելու է Սահմանադրական դատարանը ձայների 2/3-ով։ 

 

Քաղաքականություն