Արա Մխիթարյանը դեռևս կոմայի մեջ է. Կարեն Գրիգորյան
Ծեծված փոխգնդապետ Արա Մխիթարյանը դեռևս կոմայի մեջ է, լրագրողներին ասել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետի բուժգծով տեղակալ Կարեն Գրիգորյանը:
«Փոխգնդապետ Մխիթարյանը դեռևս կոմայի մեջ է, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, սակայն կայուն վիճակում է: Հուսով ենք, որ կապաքինվի, մոտ օրերս գիտակցականը կվերականգնվի», - ասել է Գրիգորյանը:
Նա նկատեց՝ լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկություններն այն մասին, որ արհեստական շնչառության ապարատներն արդեն անջատված են, չի համապատասխանում իրականությանը:
«Նա արհեստական շնչառության պայմաններում է՝ կոմայի մեջ»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վայոց ձորի մարզում ծեծի էր ենթարկվել ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ Արա Մխիթարյանը: Միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Վայոց ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու համար: