Կալանավորված անձանց երկարատև տեսակցության իրավունքը պատշաճ չի ապահովվում. ՄԻՊ-ն այցելել է ՔԿՀ-ներ

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, ինչպես նաեւ Պաշտպանի աշխատակազմի «թեժ գիծ» հեռախոսահամարին ստացված ահազանգերի հիման վրա սեպտեմբերի 3-ին այցեր են իրականացվել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն», «Հրազդան» եւ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկներ:

 

Ինչպես հայտնում են ՄԻՊ-ի մամուլի ծառայությունից, առանձնազրույցներ են տեղի ունեցել ազատությունից զրկված 14 անձի հետ, ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները:

Ազատությունից զրկված անձանց խնդիրները հիմնականում վերաբերել են նշանակված դատավճիռների վերանայման հնարավորություններին, քրեական գործերով լրիվ օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությանը, ցուցաբերվող բժշկական օգնության եւ պատժից պայմանական վաղաժամկետ ազատմանը:

 

Այցի ընթացքում ազատությունից զրկված անձինք բարձրացրել են նաեւ երկարատեւ տեսակցություններին առնչվող հարցեր: Մասնավորապես՝ ըստ ստացած տեղեկությունների՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տրամադրվում են երկարատեւ տեսակցություններ 2 օր տեւողությամբ, թեեւ ոլորտը կարգավորող իրավական ակտերը սահմանում են, որ երկարատեւ տեսակցությունները կարող են տրամադրվել մինչեւ 3 օր տեւողությամբ:

 

Ըստ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի՝ պատճառն այն է, որ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների արդյունքում ներկայում կալանավորված անձինք նույնպես ունեն մինչեւ 3 օր տեւողությամբ երկարատեւ տեսակցության իրավունք, կտրուկ ավելացել է երկարատեւ տեսակցությունից օգտվող անձանց թիվը, ինչը լրացուցիչ խնդիրներ է առաջացնում գործնականում՝ նկատի ունենալով, որ քրեակատարողական հիմնարկի շենքային պայմանները չունեն բավարար հարմարեցվածություն:

 

Վարչակազմի այս պատճառաբանությունը թեեւ հասկանալի է, սակայն երկրի ստանձնած պարտավորությունների տեսանկյունից ընդունելի չէ. պետությունը պետք է ստեղծի այնպիսի պայմաններ, որպեսզի տեխնիկական պատճառներով չսահմանափակվի ազատությունից զրկված անձանց արտաքին աշխարհի հետ կապի կարեւոր իրավունքը:

 

Ազատությունից զրկված անձինք բարձրացրել են քրեակատարողական հիմնարկներում բժշկական ցուցում ունեցող անձանց համար հատուկ սննդակարգի բացակայության, ինչպես նաեւ, դրանով պայմանավորված՝ հում սնունդ ընդունելու հարցերը:

 

Այս կապակցությամբ Պաշտպանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ քրեակատարողական հիմնարկում հում սննդամթերք, այդ թվում՝ բանջարեղեն ընդունելու ընդհանուր արգելքը խոչընդոտ է ազատությունից զրկված հիվանդ անձանց անհրաժեշտ սննդակարգ ապահովելու առումով: Ուստի, կարեւոր է ըստ անհրաժեշտության հատուկ սննդակարգի, այդ թվում՝ հում սնունդ ստանալու հնարավորության ապահովումը, որն էական նշանակություն ունի ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման տեսանկյունից:

 

Ազատությունից զրկված անձինք բարձրացրել են նաեւ քրեակատարողական հիմնարկում լոգասենյակների ոչ բարվոք վիճակում գտնվելու հարց: Թեեւ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը քննարկման արդյունքում պատրաստակամություն է հայտնել կարգավորել բարձրացված խնդիրը, ինչը կարեւոր է, սակայն Պաշտպանն, այնուամենայնիվ, հարկ է համարում ընդգծել, որ ազատությունից զրկված անձանց լոգանքի պատշաճ կազմակերպման նպատակով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում անհրաժեշտ է իրականացնել լոգասենյակների եւ սանհանգույցների վերանորոգման աշխատանքներ:

 

Այցերի ընթացքում ձեռք են բերվել նաեւ մի շարք տեղեկություններ այն մասին, որ  խափանման միջոց կալանքը ծանր հիվանդության հիմքով փոփոխելու համար ազատությունից զրկված մի շարք անձինք դիմել են ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 1636-Ն որոշմամբ սահմանված միջգերատեսչական հանձնաժողովին, սակայն եզրակացության տրամադրումը ձգձգվում է, որի արդյունքում, ինչպես վերջիններս պնդել են, շարունակում են մնալ իրենց հոգեկան առողջության խնդիրների հետ փաստացի անհամատեղելի կալանքի տակ:

 

Այս կապակցությամբ Պաշտպանն արձանագրում է, որ դեռեւս արդիական է մնում վերոնշյալ հանձնաժողովին դիմելու, գործի քննության եւ նրանց կողմից որոշում կայացնելու ժամկետների սահմանումը, ուստի անհրաժեշտ է hստակեցնել ծանր հիվանդության հիմքով կալանքից ազատվելու հարցերով բժշկական հանձնաժողովների գործունեության կարգը եւ դրանց փոխհարաբերությունները:

 

Հատկանշական է, որ վերը նշված խնդիրները, ներառյալ դիետիկ սննդի, լոգարանների բարեկարգման եւ համապատասխան միջգերատեսչական հանձնաժողովների գործունեության արդյունավետության հետ կապված հարցերը, քանիցս բարձրացվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից, եւ կոնկրետ գնահատականներով ու առաջարկություններով ներկայացվել են հաղորդումներում ու զեկույցներում:

 

Նշված հարցերը գտնվում են Պաշտպանի, այդ թվում՝ կանխարգելման ազգային մեխանիզմի կարգավիճակով անմիջական ուշադրության կենտրոնում, եւ դրանց լուծմանն աջակցելու նպատակով Պաշտպանի իրավասության սահմ