
Հայաստանի միջով այսպես կոչված «տարանցիկ միջանցք» չի լինի․ դեսպան

ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին մեկնաբանել է Ադրբեջանի և Նախիջևանի միջև քննարկվող այսպես կոչված «տարանցիկ միջանցքը»։
ISCA News-ում տված հարցազրույցում նա ընդգծել է, որ ո՛չ Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթում, ո՛չ էլ Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրում չի հիշատակվում այսպես կոչված «միջանցքի» մասին։ Խոսքը միայն տրանսպորտային ուղիների բացման մասին է, մինչդեռ հայկական կողմը պահպանում է դրանց նկատմամբ լիակատար վերահսկողությունը՝ ներառյալ անձնագրային, մաքսային և ուժային համակարգերը։
Սոբհանին նաև հերքել է «99-ամյա վարձակալության» մասին լուրերը՝ ասելով, որ նախագիծն իրականացվում է բացառապես Հայաստանի ինքնիշխանության շրջանակներում: Նա նշել է, որ Թեհրանի կողմից պնդում են հինգ սկզբունքներ՝ ինքնիշխանության հարգանք, տարածքային ամբողջականություն, դատական իրավասություն, փոխադարձություն և սահմանների անփոփոխություն, որոնք լիովին հաշվի են առնվում: