Պետք է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա․ Գերմանիայի արտգործնախարար

Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը Հնդկաստանին կոչ է արել ճնշում գործադրել իր մտերիմ դաշնակից Ռուսաստանի վրա՝ Ուկրաինայում պատերազմի շուրջ խաղաղության բանակցություններին վերադառնալու համար, հաղորդում է Associated Press-ը, Չինաստանում տարածաշրջանային գագաթնաժողովում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից մի քանի օր անց։


Վադեֆուլը այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է, որ չնայած Եվրոպայի և Միացյալ Նահանգների մեծ ջանքերին, Ռուսաստանը բանակցելու ցանկություն չի ցուցաբերել, և Նյու Դելին կարող է լուծել խնդիրը։


«Միակ պահանջն այն է, որ զենքերը լռեն»,- ասել է գերմանացի նախարարը Հնդկաստան կատարած երկօրյա այցի ժամանակ՝ հավելելով, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խաղաղություն հաստատելու մտադրություն է ցուցաբերել։


«Մենք՝ եվրոպացիներս, անում ենք ամեն ինչ, համագործակցելով մեր ամերիկացի և ուկրաինացի ընկերների հետ, որպեսզի այս պատերազմն արագ ավարտվի, և Ուկրաինան խաղաղություն գտնի որպես ինքնիշխան պետություն»,- նշել է Գերմանիայի արտգործնախարարը։

Քաղաքականություն

Պատահարներ