Աշոտյանի բաց նամակը Փաշինյանին. «Այն հոգեբանի տվյալները դեռ ունեմ, ինձ պետք չեկավ: Եթե կարիքը զգաք՝ ասեք, փոխանցեմ»
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը բաց նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
Հարգելի պարոն Փաշինյան:
Չէ, ի պաշտոնե այսպես կդիմեմ.
Մեծարգո պարոն վարչապետ,
Իշխանազավթումից հետո Ձեր պաշտոնավարման ողջ ընթացքում եղել և մնում եմ Ձեր քաղաքական մրցակիցն ու ընդդիմախոսը, և այս ամիսների ընթացքում ունեցել եմ բազում առիթներ և հարթակներ՝ արտահայտելու իմ քաղաքական դիրքորոշումներն ու մատնանշելու այն սխալները, բացթողումներն ու վրիպումները, որ թույլ եք տվել Դուք և Ձեր կառավարությունը:
Հայաստանի արտաքին քաղաքականության արդի վիճակին նվիրված իմ վերջին ուղիղ եթերի քննադատությանը Ձեզ պատկանող թերթի, ըստ ամենայնի՝ հենց Ձեր կողմից գրված խմբագրականով փորձել եք պատասխանել ինձ: Ընդգծելով իմ քննադատության մեջ հնչեցրած հարցադրումների կարևորությունը, հարկ եմ համարում անդրադառնալ Ձեր արձագանքին:
Եվ այսպես:
Ձեզ դուր չի եկել, որ Սերժ Սարգսյանի օրոք Արցախյան հակամարտության կարգավորման բանակցված փաթեթը ես անվանել եմ լավագույնը: Ուզում եմ շեշտել, որ այդ փաթեթը անվանել եմ լավագույնը, ոչ թե կատարյալը, հետևաբար Ձեր հոդվածում շահարկվող փոխզիջումային թեզերը հանրությանը մոլորեցնելու հերթական անհաջող փորձն են, մանավանդ, որ թույլ եք տվել Ձեզ նաև փաստերի կոպիտ աղավաղում: Տպավորություն ունեմ, որ բանակցային վերջին փաստաթղթերը կամ ամբողջությամբ չեք կարդացել, կամ ընթերցել եք, բայց չեք ընկալել։ Արցախյան հարցի խաղաղ լուծումը, ինչպես հայտնի է, հնարավոր է միայն փոխզիջումների հիման վրա: Եթե դիմացինը փոխզիջումների պատրաստ չէ, ապա մենք կռվելու ենք մինչև վերջ: Մենք երբեք այլ բան չենք ասել: Սակայն Դուք «բավականին առաջ եք գնացել»՝ պաշտոնավարման ընթացքում մի քանի անգամ շեշտելով և դրանից հետո հպարտանալով Ձեր այն թեզով, որ «հարցի լուծումը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար»:
Ձեզանից առաջ Հայաստանի ոչ մի ղեկավար նման «մեծահոգություն» չէր ցուցաբերել: Սերժ Սարգսյանի օրոք բանակցված փաթեթը ենթադրում էր ԼՂ կարգավիճակի վերջնական հստակեցում իրավական պարտադիր ուժ ունեցող եւ օրակարգը ոչնչով չսահմանափակող հանրաքվեի միջոցով: Հիշեցնեմ Ձեզ նաև, թե 2016 թվականին ինչպես էր Ադրբեջանի նախագահը բողոքում իր կառավարության նիստին, որ Արևմուտքը ստիպում է իրեն ճանաչել Արցախի անկախությունը: Այ եթե Ալիևի հետ բանակցային գործընթացի նախապատմությունը քննարկելու փոխարեն Ձեզ նեղություն տայիք և այս հարցի շուրջ խոսեիք հայկական կողմից բանակցողների հետ, կամ եթե Ձեր թանկագին ժամանակից հատկացնեիք բանակցային թղթապանակի մանրակրկիտ ուսումնասիրությանը, ապա ավելի ազնիվ և ճշգրիտ կլինեիք Ձեր գնահատականների մեջ:
Հիշում եմ մեր հարցուպատասխանն Ազգային Ժողովում, որի ընթացքում Դուք Ձեզ բնորոշ անբռնազբոս կեցվածքով հրապարակ նետեցիք մի հերթական ապատեղեկատվություն առ այն, որ մեր իշխանությունները «բանակցել են միայն հող հանձնելու մասին», ու եթե ես տեսնեմ այդ փաստաթղթերը, ապա «հոգեբանի կարիք կունենամ»: Դուք ինձ խոստացաք ցույց տալ այդ փաստաթուղթը, ես էլ ծանոթ խառնեցի, նախապես լավ հոգեբան գտա, երկու անգամ զանգահարեցի Ձեր ընդունարան՝ հանդիպելու համար, ու պարզվեց՝ ապարդյուն, քանզի մի քանի անգամ խուսափելուց հետո, Դուք ինձ անձամբ խոստովանեցիք, որ փոշմանել եք Ձեր խոստման համար: Այսպես պայթեց հող «հանձնող նախորդ ռեժիմի» միֆը, իսկ իմ ծանոթ հոգեբանը մնաց առանց լուրջ պոտենցիալ այցելուի:
Ձեր խմբագրականում Դուք փաստացի հաստատեցիք, որ իմ մեղադրանքները Ձեզ՝ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները ջրելու մասին իրականությանը համապատասխանում են: Դուք չփորձեցիք անգամ «երես փրկել», ու ընդգծել, որ այս տարի Ստեփանակերտում Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի արձանագրության մեջ հիշատակել եք դրանք, էլ չասեմ Ձեր ԱԳՆ-ի երկու ուշացած հայտարարությունների մասին: Ճիշտ էլ արել եք, քանզի լավ գիտեք, որ այնգամ այդ հիշատակումները այլևս բացառապես ներքին լսարանի համար էին, և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններում դրանք արդեն 1.5 տարի է, ինչ չեն ներառվում: Էլի շնորհակալ եմ, որ Ձեր խմբագրականում չգրեցիք այն, ինչ մի քանի ամիս առաջ հայտարարում էիք տեսախցիկների առջև. «Ադրբեջանը պնդում է, որ այդպիսի պայմանավորվածություններ չեն եղել»: Սակայն իրոք անկեղծ ցավ եմ ապրում, որ այդ պայմանավորվածությունները Ձեր թեթև ձեռքով դուրս են մնացել բանակցային օրակարգից ու Դուք դա նորմալ եք համարում, այսինքն փաստացի սրբագրում եք Ադրբեջանի՝ նաև դիվանագիտական պարտությունը ապրիլյան պատերազմում: Ցավում եմ նաև, որ չեք գիտակցում միջազգային հետաքննիչ մեխանիզմների ներդրման կարևորությունը խաղաղության ամրապնդման, նոր պատերազմական գործողությունները կանխելու և առողջ բանակցային միջավայր ստեղծելու հարցում:
Ինչ վերաբերում է «այնքան ուժեղ լինեիք, որ ձեզ վրա չհարձակվեին» թեզին, ապա այն նույնպես մակերեսային սոփեստություն է, քանզի Ձեր ղեկավարման օրոք, անգամ Դուշանբեի վերելակից հետո, սահմանային միջադեպերն ու զոհերը, ավաղ, դառնում են առօրեական, այն տարբերությամբ, որ մեր ժամանակ ՊՆ-ն զոհերի մասին տեղեկությունները չէր թաքցնում: Եվ հետո, մի քիչ էլ Ձեր թանկագին ժամանակից հատկացրեք միջազգային օրինակներն ուսումնասիրելու համար և հասկացեք, որ, օրինակ, անգամ Իսրայելի նման զարգացած, հզոր և տեխնոլոգիական բանակի դեպքում իսրայելա-արաբական ճգնաժամը չի սառեցվել, և ոչ մի արաբ ազգայնականի մտքով չի անցնում հաշտվել Իսրայելի հետ այն հիմնավորմամբ, որ նա շատ ավելի ուժեղ է:
Փորձելով ինձ հակադարձել, նաև հիշատակում եք «80-ականների զենքի» մասին հայտնի արտահայտությունը: Իրականում 80-ականների զենքը հին զենք չէ ու կրկին ցավում եմ, որ պետության ղեկը ստանձնելով, չեք հասկացել, թե ինչ իրական ուղերձ էր պարունակում այդ հայտարարությունը և ում էր ուղված: Ի դեպ, մի հատ էլ, որպես վարչապետ, ծանոթացեք Հայաստանի ռազմական սպառազինությունների ցանկին և խորը շունչ քաշեք: Ինչ վերաբերում է Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմատեխնիկական համագործակցությանը, ապա այն շարունակվում է նաև Ձեր օրոք։ Ավելին, օրերս հայտնի դարձավ, որ զենք մատակարարող ռուսական մի ընկերություն դատի է տվել Հայաստանին մատակարարման տենդերներից մեկի հետ կապված պատմությունների պատճառով:
Խորապես ցավում եմ, որ այդպես էլ չեք հասկանում ապրիլյան պատերազմի իրական պատճառները և Ձեր հսկայական մեղավորությունն ունեք այդ պատերազմի արդյունքների վարկաբեկման մեջ: Որպես պատերազմի ժամանակ գերագույն գլխավոր հրամանատարի, բարեկամաբար խորհուրդ եմ տալիս Ձեզ արագընթաց կերպով ուսումնասիրել ռազմարվեստի այբուբենը, պատերազմների նպատակները՝ հասկանալու համար, թե ինչ է հաղթանակը և ինչ է պարտությունը: Հորդորում եմ նաև կարդալ Հրանտ Տեր-Աբրահամյանի «Ապրիլյան պատերազմի այլընտրանքային պատմությունը» հոդվածը https://timestream.mediamax.am կայքում:
Անցանք հեղափոխության կապիտալիզացիային:
Այո, Ձեր կողմից այդքան գովերգած «թավշյա հեղափոխությունը» Հայաստանի արտաքին քաղաքականության ոչ մի ոլորտում որևէ տեսանելի, շոշափելի և բեկումնային առաջխաղացման չի բերել: Դուք դա լավ գիտեք և փաստացի անձամբ եք խոստովանել դեսպանահավաքի Ձեր ելույթում: Չգիտեմ որտեղից վերցրեցիք, որ ես նկատի եմ ունեցել այսպես ասած cash-ը: Մենք երբեք այդպես չենք մտածել, առավել եւս՝ այդպես չենք աշխատել։ Դա ավելի շուտ Ձեր գործելաոճն է: Ուստի ստիպում եք հիշեցնել, որ Դուք եք Ազգային Ժողովի ամբիոնից նախ դժգոհել, որ ԱՄՆ-ն Ձեզ բավարար աջակցություն չի ցուցաբերում, իսկ Բրյուսել կատարած առաջին այցից անմիջապես հետո, հենց «Զավենտում» օդանավակայանում հայ լրագրողներին քմծիծաղով պատմում էիք, որ դժգոհ եք ԵՄ-ի կողմից Ձեզ մեծ փող չտալու փաստից, իսկ մանր փողերի կարիք չունեք, քանզի կարող եք ստանալ՝ թափ տալով որոշ խոշոր օլիգարխների (այն ժամանակ Հայաստանում դեռ կային օլիգարխներ) գրպանները:
Ուրախ եմ, երբ ասում եք, որ գեոպոլիտիկ ռեվերսներ չեն լինելու: Մեր նպատակներից է, որ Դուք մշտապես այդպես կարծեք: Հուսադրող է, որ հասկացել եք այլ հետխորհրդային երկրների փորձը և դասեր քաղել: Եթե ուշադիր լինեք, կնկատեք, որ անգամ ամենաթեժ ներքաղաքական թոհուբոհի մեջ մենք շատ նրբանկատ ենք երկրի անվտանգության հարցերում: Փակագծեր չբացեմ, հուսով եմ, հասկացաք… Սակայն մտահոգություններ ունեմ, որ Ձեզ սատարող քաղաքական թիմում ոչ բոլորն են կիսում այդ տեսակետը: Որ Ձեր մերձավոր հայտնի շրջանակներ չեն հրաժարվել Հայաստանը գեոպոլիտիկ խրամատի վերածելու իրանց մտադրություններից: Որ «տեսաք, ոնց Նիկոլը Պուտինին տեղը դրեց» տիպի իշխանամերձ քարոզչական տոքսիկ հնարքները և Ձեր որոշ պատգամավորների անհեթեթ քվեարկությունները խորհրդարանական վեհաժողովներում պատահականություններ չեն:
Իհարկե, կապիտալիզացիան միայն ֆինանսական օգնությունը չէ, այլև քաղաքական օրակարգի առաջխաղացումը: Խնդրում եմ պատասխանել ինձ, թե, օրինակ, ԵՄ-ի հետ ի՞նչ քաղաքական հարց է հեղափոխության շնորհիվ առաջընթաց գրանցել: CEPA-ի վավերացու՞մն է արագացել (հիշեցնեմ, որ երեք ամսից կլրանա Սերժ Սարգսյանի խոշորագույն արտաքին քաղաքական ձեռքբերումներից մեկը համարվող եվրոպական համաձայնագրի ստորագրման 2-րդ տարին, ԵՄ անդամ 12 երկիր, ըստ Եվրոպական պաշտոնական ռեգիստրի, այս պահին չի ավարտել համաձայնագրի վավերացման գործընթացը, իսկ ամենալավատեսական սցենարով Հայաստան-ԵՄ համաձայնագիրը վերջնականապես կվավերացվի Եվրոպական խորհրդարանի կողմից միայն մինչև 2021 թվականի ավարտը): Վիզաների ազատականացման երկխոսությու՞նն է մեկնարկել (այս հարցով նույնպես որևէ դրական տեղաշարժ չկա, անգամ Ձեզ անթաքույց համակրող ԵՄ արդեն նախկին դեսպանը և Ձեր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը իրենց վերջին գնահատականներում, մեղմ ասած, լավատես չէին): Ղարաբաղի հարցո՞վ եք ստացել աննախադեպ աջակցություն (հիշեցնեմ Տուսկի և Մոգերինիի թափանցիկ և կտրուկ ակնարկները Արցախը բանակցային սեղանին վերադարձնելու առաջարկը մերժելու մասին):
Նման մանրակրկիտ վերլուծություն «հեղափոխության կապիտալիզացիայի» փուչիկության մասին կարող եմ անել նաև Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, Չինաստանի, Իրանի հետ քաղաքական օրակարգերի շուրջ: Բայց կխնայեմ Ձեր առանց այդ էլ թանկագին և սուղ ժամանակը, հույս ունենալով, որ այդ խնայողությունը չի մսխվի հերթական անհեթեթ լայվի կամ տոնավաճառ-ցուցահանդես այցելելու վրա, այլ կծառայի պետության անվտանգությանը վերաբերող հարցերում մի քանի կարևոր փաստաթուղթ ավել կարդալու, մի քանի խելացի և գիտակ մարդկանց հետ զրուցելու, կամ մենակ մնալուց ինքնաքննադատական ներքին վերլուծության վրա:
Հ.Գ. Ի դեպ, այն հոգեբանի տվյալները դեռ ունեմ, ինձ պետք չեկավ: Եթե կարիքը զգաք՝ ասեք, փոխանցեմ:
Հարգանքով՝
Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ