Մինչև հեղափոխությունը 400 մլն դոլարի աշխատանք է արվել Ամուլսարի վրա. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շրջայցի ժամանակ Ջերմուկում նրան մոտեցավ մի կին, ով ասաց՝ ԱՄՆ-ից եկել է՝ անսալով վարչապետի կոչին: Կինը խնդրեց՝ Ամուլսարի հանքի շահագործման մտքից հրաժարվել: 

«Ես էկոլոգիապես մաքուր տեղ եմ եկել, որ ապրեմ, ուզում եմ՝ էս անարատ բնությունն իսկապես պահպանվի: 27 տարի ապրելով Ամերիկայում՝ չեմ ուզի գալ մի տեղ, որտեղ բնությունը պիտի ապականվի»,- ասաց նա: 

Փաշինյանն արձագանքեց՝ հարցն այն է՝ այդ ամենն իրո՞ք նման ազդեցությունն է ունենալու, թե՞ ոչ: Վարչապետի կարծիքով՝ սա է ամենակարևոր հարցը, որին պետք է պատասխանել: 

Կնոջ խոսքին՝ պետք է կոմպետենտ մարդ բերել, ով այդ հարցի պատասխանը կտա, վարչապետը պատասխանեց. 

«Կոմպետենտ մարդ բերում ենք, հետո ասում ենք՝ չէ, սա ոնց որ էդքան կոմպետենտ չի: Հիմա աշխարհի բոլոր ամենակոմպետենտներին պետք է հավաքենք»: 

Փաշինյանը նշեց՝ իրեն ուրախացնում է հյուրընկալող տիկնոջ խոստովանությունը, որ նա Հայաստան է եկել՝ իր կոչին հետևելով: Վարչապետն ասաց՝ ամեն ինչ անելու են, որ Ամուլսարի հանքի շահագործումն ազդեցություն չունենա ո՛չ օդի, ո՛չ հողի, ո՛չ ջրի, ո՛չ աղմուկի վրա: 

«Մինչև հեղափոխությունը 400 մլն դոլարի աշխատանք է արվել, 400 մլն դոլարի աշխատանք՝ էս փոքր սարի վրա, դե պատկերացրեք՝ սարն ինչքան փոխված կլինի: Ուրիշ տարբերակ չունենք, վերջին շրջանի խորհրդակցությունը որ արել եմ, ասել եմ՝ պատասխանեք մի հարցի՝ ի՞նչ խնդիր է դրվում, որ՝ այ, այդտեղից պետք է 10 միավոր աղտոտված ջուր արտանետվի, խնդիր ենք դնում, որ այդ ջուրը լինի 8, 2 կամ 1, ասում են՝ 0, ասում եմ՝ բա ո՞նց ենք դա ապահովելու, ինձ ասում են, որ կա, ըստ պլանի, ամենօրյա, ամենշաբաթյա և ամենամսյա մոնիթորինգ, սա նշանակում է, որ այդ խումբը՝ պետության հովանու ներքո, գնալու է, դիմացի սարից խոտ է վերցնելու, խմբի մեջ ընկերության, կառավարության և քաղհասարակության ներկայացուցիչներ են լինելու»,- տեղեկացրեց վարչապետը: 

Նա նաև վստահեցրեց՝ եթե պարզվի, օրինակ, հանքի շահագործման հետևանքով փոշին ավելին է, քան պիտի լինի, ժամանակ է տրվում, որ վերացվի, եթե չի վերացվում, հանքը փակվում է: