Եզրակացությունների համար 5-օրյա ժամկետում կներկայացվի հրդեհների լիարժեք ուսումնասիրություն

Օգոստոսի 16-ին Փրկարար ծառայությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ գեներալ մայոր Վրեժ Գաբրիելյանը:

 

Մարզային փրկարարական վարչությունների պետերը,  կառուցվածքային ստորաբաժանումների մասնակից  ղեկավարները ծառայության Վ. Գաբրիելյանին  զեկուցեցին օգոստոսի 10-16 հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների ամփոփ տեղեկատվությունը:

 

Լսելով զեկույցները՝ գեներալն առանձնահատուկ անդրադարձավ երկրում տիրող հրդեհավտանգ իրավիճակին, որի հիմնական պատճառը եղանակային բարձր ջերմաստիճանով պայմանավորված մարդկային գործոնն է: 

Պատասխանատու վարչություններին հանձնարարվեց  5 օրյա ժամկետում ներկայացնել հասարակական հնչեղություն ունեցած հրդեհների ամբողջական ուսումնասիրությունները՝  հրդեհների բռնկման վերլուծությունների և եզրակացությունների համար:

 

Վ. Գաբրիելյանը տեղեկացրեց, որ այսուհետ հայտնաբերված և վնասազերծված  պայթուցիկ արկերի, սարքավորումների ոչնչացումն իրականացվելու է նախարարության միջոցներով՝ համապատասխան տարածքում: Նա նշեց, որ գործառույթն արդեն սկսված է:

 

Ամփոփելով խորհրդակցությունը՝ պարոն Գաբրիելյանը նշեց, որ Սյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհին՝ «Արևիկ» ազգային պարկի մոտակա անտառում,  կան ծխացող օջախներ, որտեղ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատները շարունակում են  իրականացնել  հրդեհաշիջման աշխատանքներ: Տրված է հրդեհի մեկուսացում: Դեպքերի ընթացքից ելնելով՝ կոչ արեց լինել ավելի զգոն՝ պատրաստ լինելով կատարել իրավիճակից բխող գործողություններ:

 

Հաշվետու ժամանակաշրջանում «911» ծառայության կենտրոնական ահազանգման կենտրոնում սպասարկվել է 21.575 զանգ: Բժշկական և հոգեբանական խորհրդատվության գծով սպասարկվել է համապատասխանաբար՝ 26 և 12 ահազանգ: Հակահրդեհային ազդարարման համակարգով սպասարկվել է 74 ահազանգ, «911 SMS» համակարգով գրանցվել է 214 հաղորդագրություն: Գրանցված հրդեհներից 16-ը տեղի են ունեցել շենք-շինություններում, 192-ը՝ բուսածածկ տարածքներում (այրվել է մոտ 377 հա տարածք):

Քաղաքականություն