
«Եթե Ամուլսարում տեխնիկա շահագործվի, ապա մարդ կմահանա». Ջերմուկի բնակիչ

Երբ Նիկոլ Փաշինյանը նախընտրական շրջանում այցելեց Ջերմուկ, ես անձամբ հարցրի, որ եթե Ամուլսարը շահագործելու վերաբերյալ փորձաքննության արդյունքները դրական լինեն, այդ դեպքում ինչ է լինելու: Tert.am-ի հետ զրույցում այս մասին պատմեց Ջերմուկի բնակիչ Ահարոն Արսենյանը:
Ըստ նրա՝ վարչապետը պատասխանել է այսպես. «Կտամ թևիս տակ, կգամ կխոսենք: Ամուլսարը շահագործել թե ոչ, ի վերջո որոշում է համայնքը»:
Բնակչի խոսքով՝ անկախ փորձաքննության արդյունքից՝ իրենք առաջին հերթին ոչ թե բնապահպանության համար են պայքարում, այլ իրենց խախտված իրավունքների:
«Մինչև 2016 թվականը Ջերմուկ համայնքը չի ճանաչվել ազդակիր, միայն 2016 թվականից հետո, բոլոր լիցենզիաները պատրաստ լինելուց հետո է Ջերմուկը համարվել ազդակիր, սակայն որևէ հանրային լսում չի եղել, Ջերմուկի բնակչության կարծիքը հաշվի չի առնվել»,- ասաց Ահարոն Արսենյանը:
Ահարոն Արսենյանն ասաց, որ իրենք ինչպես մինչև հիմա, այնպես էլ հետո շարունակաբար հերթափոխելու են Ամուլսարում, ու եթե տեխնիկան սկսի աշխատել, այդ դեպքում մարդ կմահանա:
«Ջերմուկի բնակչությունն Ամուլսարում ամեն օր հերթապահում է, ինչպե՞ս եք պատկերացնում, որ ինչ-որ տեխնիկա կարող է աշխատել»,- ասաց Ահարոն Արսենյանը: