Ասացին՝ հույս ունեն, որ ապագայում կհամագործակցեն ինձ հետ. Արմեն Դուլյանը` «Հ1»-ից հեռանալու մասին
Պայմանագրում եղել է կետ, ըստ որի՝ ցանկացած պահի կողմերից որևէ մեկը կարող է խզել պայմանագիրը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Արմեն Դուլյանը` անդրադառնալով Հանրային հեռուստաընկերության հետ իր համագործակցությունը դադարեցնելուն:
«Պայմանագրի խախտման որևէ խնդիր չկա: Ինձ պարզապես ասացին, որ հույս ունեն, որ կհամագործակցեն ապագայում ինձ հետ, որևէ կոնկրետ առաջարկ չի եղել: Բայց շատ սիրալիր, շնորհակալություն հայտնելով տեղեկացրեցին, որ պարզապես ցանկանում են նոր մարդկանց, նոր ուժերի, լրագրողների «ներարկել» այդ հաղորդման մեջ»,-ասաց նա և հավելեց, որ ինքը այլ միտում չի տեսնում:
Արմեն Դուլյան նշեց, որ ինքը նույնիսկ ողջունում է նոր մարդկանց ներգրավելը: Ինչ վերաբերում է այլ հեռուստաընկերությունում աշխատանքը շարունակելուն, Դուլյանն ասաց, որ դեռ մնացել են հեռուստաընկերություններ, որտեղ չի աշխատել. «Մի երեք հեռուստաընկերությունից դուրս եմ եկել, բայց կան հեռուստաընկերություններ, որտեղ իմ ուժերը կարող եմ փորձել, եթե իհարկե նրանք ուզեն»:
Արմեն Դուլյանը նշեց նաև, որ եթե «Հ1»-ից էլ համագործակցելու առաջարկ լինի, ապա կհամաձայնի: «Ես խնդիր չեմ տեսնում»,-հավելեց նա: