Ի՞նչ են թաքցնում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում. «168 Ժամ»
«168 Ժամ» օրաթերթը գրում է. «ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (ՍՍՀՆ) կառուցվածքային փոփոխություններ է անում: Նոր կառուցվածքի նախագիծը, (մեկ ամսից ավելի է, ինչ մուտք է արվել կառավարություն՝ կարծիքներ ստանալու նպատակով, բայց չի վերադարձվել: Հաստատումը ձգձգվում է, վարկած կա, որ ուշացման համար կաշկանդվածություն կա: Համակարգի ներսում լուրջ մտավախություն կա, որ փոփոխված նախագիծը հրապարակայնացնելով՝ հասարակության շրջանում մեծ աղմուկ կբարձրանա:
Բանն այն է, որ նոր կառուցվածքում նախարար Ձարուհի Բաթոյանը գաղտագողի խցկել է ՀՀ-ում երրորդ սեռի հիմնահարցերով զբաղվող վարչություն: Ըստ մեր տեղեկությունների՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքում ձևավորվող «Հավասար հնարավորությունների ապահովման վարչությունը» քողարկված կերպով իրականում ծառայելու է միասեռականների իրավունքների պաշտպանությանը: 168.am-ի ձեռքին հայտնված կառուցվածքային փոփոխության նախագծում որոշակի բառախաղերով ձևակերպված վարչության անունն իսկապես կասկած էր հարուցում: Նախարարության նոր կառուցվածքի մասին փաստաթղթում գրված է՝ այսուհետ ՀՀ ՍՍՀՆ աշխատակազմի հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի և նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչությունները կմիավորվեն մեկ վարչության մեջ՝ 3 առանձին բաժիններ կազմելով:
Այսպես՝ 1. հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժին, 2. Տարեցների հիմնախնդիրների բաժին, 3. Գենդերային հավասարության և սեռական բռնության ենթարկված անձանց հիմնահարցերի բաժին:
Ընդ որում, նկատենք, «գենդեր» բառը, որ նախկին իշխանության ջանքերով բոլոր օրենսդրական, ենթաօրենսդրական ակտերում, կառավարության որոշումներում փոխարինվեց կնոջ և տղամարդու հավասար իրավունքներ ձևակերպումով, այսօր անխնա գործածվել է նախարար Բաթոյանի պատկերացրած կառուցվածքում: Ստացվում է՝ գենդերային հավասարության և սեռական բռնության ենթարկվածների հիմնահարցերով զբաղվող բաժինը կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների, հավասար հնարավորությունների քաղաքականության մշակումը և դրանց իրականացման համակարգումն անելուն զուգահեռ անուղղակիորեն ծառայելու է նաև ի նպաստ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների:
Այլ կերպ ասած նոր կառուցվածքի հաստատվելու դեպքում ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (ՍՍՀՆ) կպարտավորվի մեր երկրում ձևավորել նաև սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության միջավայր: Ավելին, այդ հիմնախնդիրների լուծմանն ուղղված քաղաքականություն կմշակվի, կարգավորող իրավական ակտեր կընդունվեն, օրենսդրական նախագծեր կմշակվեն: Նախարարության մեր աղբյուրները նշում են, որ Սոցապնախարարությունը, փաստորեն, գաղտագողի պատրաստվում է ԱԺ աշնանային նստաշրջանին քննարկվելիք Ստամբուլյան կոնվենցիայի հաղթանակին: Փորձեցինք նախարարության լրատվական ծառայությունից մեր տեղեկությունները հաստատող կամ հերքող պարզաբանում ստանալ և մանրամասներ ճշտել, հատկապես, թե ինչու են կառուցվածքային այդ փոփոխությունները թաքուն կերպով անում, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին: Հուսանք, այս հրապարակումից հետո գոնե նախարարությունից կօգնեն մեզ, որպեսզի ստեղծվելիք վարչության կանոնադրության մասին հասարակությունը պատկերացում ունենա»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: