ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամուսինս նոր էր վերադարձել ՌԴ–ից, փայտի գործ չենք անում. Իջևանցի կինը պնդում է՝ ամուսնուն ապօրինի են ձերբակալել

Իջևանի բնակիչ Սուսաննա Հարությունյանը, ում ամուսնուն ձերբակալել են հուլիսի 17-ին Իջևանի ցույցերի ժամանակ, պնդում է, որ ամուսինը՝ Տիգրան Սարդարյանը, որևէ կապ չի ունեցել ակցիայի հետ, ոչ էլ փայտի գործով է զբաղվում: 

«Ամսի 17-ին գնացել էինք հետազոտման, Երևանից վերադառնալուց հանդիպել ենք ցուցարարներին: Դրանից հետո ամուսինս ինձ և երեխաներիս ճանապարհել է տուն՝ ոտքով, հետ եկել, որպեսզի ճանապարհը բացվելուն պես հետ բերի մեքենան: Այդ ընթացքում զանգեց ինձ, ասաց՝ ինչ-որ բերետավորներ են եկել ու կռիվն ուժեղացել է»,- պատմում է կինը:

Նրա խոսքով՝ այնուհետև ամուսինը տուն է եկել, վնասվածք չի եղել վրան, հագուստն էլ պատռված չի եղել, նորմալ վիճակում էր: «Գիշերը 04:15 տեսնենք դռները ծեծում են, ջարդում են, դուռը բացեցի, տեսնեմ 9 հոգի, որոնցից մեկը քաղաքացիական հագուստով, մյուսները համազգեստով էին, բարձրանում էին տուն, խմիչքի հոտն էլ սպանում էր»,- ասում է կինը և շարունակում. «Բարձրացան տուն ամուսնուս ձեռքերը ոլորեցին. մինչև հիմա 15 տարեկան երեխան դողում է»: 

Նա նշում է, որ տեղեկություն չունեն, թե որտեղ է հիմա ամուսինը: «Ամուսինս այստեղ չի բնակվում, երկու օր է ինչ վերադարձել էր Ռուսաստանից պետք է հետ գնար: Ինքն այստեղ չի եղել, ոչ մի փայտի գործ չի անում»,- պատմում է նա:

Սուսաննա Հարությունյանը նշում է, որ փաստաբան չունի, չեն դիմել փաստաբանին: Փորձել է մարզպետի հետ հանդիպել, սակայն օգնականին է հանդիպել, որն էլ ասել է՝ պետք է սպասել:

«Մինչև ե՞րբ սպասեմ, ի՞նչ անեմ, ո՞ւր դիմեմ: Իմ երեխու առողջությունը, որ վնասել են, պատասխանատո՞ւ են երեխուս առողջության համար: Փայտի գործ չենք անում, իմ ամուսինը Ռուսաստանից նոր է վերադարձել, որ ինձ բժշկի տանի, բռնում են 04:30 տանում տանից»,- նշում է նա:


Մանրամասները՝ տեսանյութում: