ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թթվային գետեր Կապանում
Վերջին օրերին մեկ անգամ եւս ակնառու երեւաց, թե ինչ է լինում այն տարածքներում, որտեղ շահագործվել եւ շահագործվում են մետաղական հանքեր։
Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության տարածած հայտարարության մեջ ասվում է.
«Կապան քաղաքում թռչնի թռիչքից արված լուսանկարներն (1, 2) ու տեսանյութը ցույց տվեցին, թե ինչ աղետալի վիճակ է առաջանում անձրեւից հետո հանքերի շահագործման հետեւանքով առաջացած թափոնների, լցակույտերի եւ լքված հանքերի պատճառով։ Իսկ Կապանի միջով հոսող Ողջի գետ էլ ստացել էր վառ դեղնադարչնագույն երանգ։
Դիտեք նաեւ մայիսի 31-ին թռչող սարքով արված այս տեսանկարահանումը:
Կապանում տասնյակ տարիներ է ստորգետնյա եղանակով շահագործվում է Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը, հարյուր տարուց ավել էլ շահագործվել է Կավարտ թաղամասի մոտ գտնվող բաց հանքը եւ Կենտրոնական հանքավայրը (Լենհանքերը), որն այժմ ամբողջովին լքված է եւ մատնված անտերության։ Անձրեւաջրերը լվանում են այդ հանքերի եւ դրանց բազմաթիվ թափոնակույտերի թթվային ապարներն ու դեղնադարչնագույն առվակների տեսքով հոսում են Կապան քաղաքի փողոցներով եւ Ողջի գետի վտակներով՝ ի վերջո լցվելով Ողջի գետը։
Հայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) դեռ 2015-ին անդրադարձել էր Կավարտի լքված հանքի պատմությանը՝ ահազանգելով առկա խնդիրների մասին։ Իսկ արդեն 2017-ի մայիսին ՀԲՃ-ն ավելի մանրամասն ուսումնասիրեց խնդիրը՝ նմուշառում կատարելով Ողջի գետի վտակ Կավարտ գետով հոսող ջրից։ Ջրի փորձանմուշի լաբորատոր հետազոտությունների արդյունքներն ուղղակի շոկային եղան եւ հաստատեցին մեր ամենավատ կանխատեսումները։ Դրանց համաձայն ջրի թթվայնությունը՝ pH-ը (ջրի ջրածնային ցուցիչը), բնութագրական չեզոք միջավայրից՝ այսինքն նորմայից, որը 7 է, անցել էր խիստ թթվային միջավայր ու կազմել 3,22։ Դա էլ իր հերթին առաջացրել էր ջրում ծանր եւ վտանգավոր մետաղների ու որոշ իոնների կոնցենտրացիաների ահռելի մեծացում։ Դրանք տասնյակ, հարյուրավոր եւ նույնիսկ հազարավոր անգամ գերազանցում էին սահմանված էկոլոգիական նորմերը։
Սա հենց մետաղական հանքերի թթվային ապարների դրենաժի դասական օրինակ է, որը լրջագույն եւ անկառավարելի էկոլոգիական խնդիր է եւ անխուսափելիորեն առաջանում է բոլոր սուլֆիդային մետաղական հանքավայրերի շահագործման ընթացքում՝ շարունակվելով հարյուրավոր տարիներ։ Այս տեսանյութում երեւում է, թե ինչ տեսք ունի մետաղական հանքերի շահագործման հետեւանքով առաջացող խիստ վտանգավոր թթվային դրենաժը Կավարտում։
ՀԲՃ-ն 2017-ին դիմել էր նախորդ կառավարությանը՝ առաջարկելով վնասազերծել մետաղական հանքերի շահագործման հետեւանքով աղտոտվող տարածքները։ Դիմումում մատնանշված էր նաեւ Կապանի եւ Կավարտի խնդիրը։ Սակայն այն ժամանակ ՀՀ բնապահպանության նախարարությունից ստացված «պատասխանը» ցույց տվեց, որ որոշում կայացնողները զբաղված են միայն գրագրությամբ եւ գործուն քայլեր անելու ցանկություն ընդհանրապես չունեն։
Արդեն 2019-ին մեր գործընկերները մի հետաքննություն են արել թթվային առվակի մասին, որը տասնյակ տարիներ հոսում է Կապանի տարածքով, բնակելի տների մերձակայքով՝ բնակիչներին պատճառելով մի շարք անհարմարություններ։ Այս առվակի ջրերը նույնպես ունեն բարձր թթվայնություն եւ ծանր մետաղների անթույլատրելի բարձր կոնցենտրացիա։ Հարցումների արդյունքում պարզվել է, որ այս ամենի պատասխանատուն փաստացի համարվում է մեր պետությունը, իսկ հանքարդյունաբերողները որեւէ պատասխանատվություն չունեն։
Դիտեք նաեւ տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=efw4A2rxNNg
Գաղտնիք չէ, որ ՀՀ նախկին կառավարությունները տարիներ շարունակ ուղղակի աչք են փակել մետաղական հանքավայրերի շահագործման հետեւանքով առաջացած էկոլոգիական եւ առողջապահական խնդիրների վրա: Գաղտնիք չէ նաեւ, որ հանք շահագործող ընկերություններն այդ նույն տարիների ընթացքում գրեթե անպատիժ աղտոտել են բնական միջավայրը։ Եվ ինչպես իրավացիորեն նշված է հետաքննող լրագրողների «Հետք» կայքում հրապարակված հոդվածներից մեկում՝ «Կավարտը պատասխան է նրանց, ովքեր շեփորահարում են պատասխանատու հանքարդյունաբերության մասին»։
Հույսեր կային, որ ՀՀ նոր կառավարությունը կփոխի մոտեցումներն ու ավելի հետեւողական կգտնվի նմանատիպ հարցերի նկատմամբ։ Սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթներում հանքերի տարաբնույթ խնդիրները լուծելուն ուղղված բանավոր խոսքերն ըստ էության մնում են չիրականացված, քանի որ կառավարության մյուս օղակները դեռ պատրաստ չեն այդ փոփոխություններին։ Կապանի այս օրինակը բնականաբար միակը չէ, քանի որ Հայաստանի լեռնահանքային բոլոր շրջաններում մետաղական հանքավայրերի շահագործման բացասական հետեւանքներն այս կամ այլ ձեւերով ազդում են բնական միջավայրի եւ մարդկանց առողջության վրա։ Փաստերը բազմաթիվ են, տարիներ շարունակ դրանք արձանագրվել են եւ կան նաեւ գիտական լուրջ հետազոտություններ։
Ամուլսարում եւ ընդհանրապես Հայաստանում նոր մետաղական հանքեր բացելու մասին խոսողներին խնդրում ենք ուշադիր նայել այս հոդվածում ներկայացված լուսանկարներն ու տեսանյութերը, ծանոթանալ գիտական հետազոտություններին, փորձել այս եւ մնացած խնդիրների իրական լուծումները գտնել, իրականացնել դրանք եւ հետո նոր հաշվել հանքերի օգուտներն ու դրանք բացելու համար արված այսպես կոչված «ներդրումների» ծավալները։
ՀԲՃ տարածած լուսանկարներում երեւում է, որ Կապանում անձրեւից հետո թթվային գետակներ են հոսում փողոցներով: