ՌԴ Ուկրաինայի ուղղությամբ արձակել է ավելի քան 650 դրոն և մի քանի տասնյակ հրթիռներ․ Զելենսկի

Ռուսաստանը լայնածավալ հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով ավելի քան 650 անօդաչու թռչող սարք և ավելի քան երեք տասնյակ հրթիռներ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։


Նրա խոսքով՝ հարվածը հասցվել է Սուրբ Ծննդի նախօրեին, այն ժամանակ, երբ մարդիկ ցանկանում են պարզապես լինել իրենց ընտանիքների հետ, սեփական տներում և անվտանգ պայմաններում։ Զելենսկին ընդգծել է, որ հարձակումը տեղի է ունեցել այն փուլում, երբ ընթանում են բանակցություններ՝ ուղղված պատերազմի դադարեցմանը։


«Սա հարված է Սուրբ Ծննդից առաջ, երբ մարդիկ ուզում են պարզապես լինել իրենց հարազատների կողքին, տանը, անվտանգ։ Հարված՝ փաստացի բանակցությունների ամենաթեժ պահին, որոնք ընթանում են այս պատերազմը ավարտելու համար։ Պուտինը չի կարող համակերպվել այն մտքի հետ, որ պետք է դադարեցնել սպանությունները։ Սա նշանակում է, որ միջազգային հանրությունը Ռուսաստանի վրա բավարար ճնշում չի գործադրում»,- գրել է Ուկրաինայի նախագահը։



Քաղաքականություն