Ձևացնելու խնդիր չկա. Բաթոյանըՙ հաշմանդամ լինել-չլինելու մասին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը տեղյակ է, որ սոցիալական ցանցերում քննարկվում է իր հաշմանդամ լինել-չլինելու հարցը, քանի որ հրապարակվում են նրա կանգնած նկարները։ Նա «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ նշեց, որ ինքը կարող էր նաև այս հարցին չանդրադառնալ, քանի որ շատ անձնական է, սակայն պատասխանում է խոսակցություններին վերջ դնելու համար։
Բաթոյանը նաև նկատեց, որ սոցիալական ցանցերի իր էջերում կան իր կանգնած նկարները, ինչը գաղտնիք չէ։
«Սայլակով ավելի հեշտ ու ապահով է տեղաշարժվել դրսում, ավելի ինքնուրույն լինել։ Հակառակ դեպքում անընդհատ ուղեկցության կարիք ունեմ, քանի որ քայլում եմ, հոգնում եմ ու օգնության կարիք ունեմ՝ հենվելու, ձեռքից բռնելու և այլն։ Հաշմանդամությունը չի նշանակում միայն սայլակ, և սայլակից օգտվելը չի նշանակում, որ մարդը չի կարողանում քայլել կամ կանգնել։ Բնականաբար, որևէ ձևացնելու խնդիր չկա, պարզապես պետք է քիչ տրվել մանիպուլյացիոն լուրերին»,- մանրամասնեց նա։