«Երբևէ պետք է չթերագնահատենք, ասենք՝ ապուշ բաներ է դուրս տալիս». Դավիթ Բաբայանի արձագանքը՝ Ալիևի հայտարարությանը
Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ-տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը SHANTNEWS am-ի հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե տարածքները վերադարձնելուց հետո Ադրբեջանը պատրաստվում է վերակառուցել ու նոր կյանք տալ այդ քաղաքներին:
Բաբայանի կարծիքով՝ այս հայտարարությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի մտածելակերպի մեջ ոչինչ չի փոխվում:
«Նախ՝ ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ որևէ բան չի փոխվում իրենց տեսլականի մեջ: Մենք պետք է սա լուրջ ընդունենք, երբևէ պետք է չթերագնահատենք, ասենք՝ ապուշ բաներ է դուրս տալիս: Ժամանակին Հիտլերը, երբ խոսում էր իր գաղափարների մասին, բոլորը մտածում էին, թե խենթ է, բայց տեսաք, չէ՞, ինչ եղավ, նա հնարավորություն ստացավ իր այդ խելագար, ցնորամիտ գաղափարներն իրականացնելու, նույնը սա է: Մենք լավ գիտենք՝ իրենք ինչպես են վերականգնելու, Ջուղան էլ են «վերականգնել», այսինքն՝ քանդել, ոչնչացրել, ամեն ինչ արել, որ հայկական հետք անգամ չմնա. սրան մենք ծանոթ ենք, ծանոթ ենք՝ ինչպես վերանորոգեցին Բաքվի հայկական թաղամասերը, հայկական, հրեական, ռուսական գերեզմանոցներն ինչպես քանդեցին»,- ասաց նա:
Բաբայանը նշեց՝ երբեք պետք է չմոռանալ, այսինքն՝ այդ հայտարարությունները, որ նա անում է, անկեղծ է անում: Նրա խոսքով՝ պետք է խաղաղության ու կայունության համար բանակցություններ վարել, և դա միանշանակ է, քանի որ այդ հանդիպումները պետք է դիտարկել հիմնականում խաղաղության և կայունության պահպանման տեսանկյունից, որովհետև կարգավորման համար նախ՝ երկու կարևոր հիմք է պետք՝ բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնում, որը չկա, և համապատասխան գաղափարներ, Ադրբեջանը պիտի հրաժարվի իր ֆաշիստական, հայատյաց քաղաքականությունից:
«Եթե դա չկա, նույնիսկ եթե վերականգնվի լիարժեք ձևաչափը, ինչի՞ մասին պիտի խոսենք, պիտի հանդիպենք Ալիևի հետ, խոսենք, տեսնենք՝ ինչպե՞ս է «վերականգնում» Ստեփանակերտը կամ Շուշին, դրա մասի՞ն պետք է խոսենք, սա ցույց է տալիս իրական պատկերը, ինչքան այդպիսի հայտարարություն անի, այնքան այդ պատկերը հստակ պահպանվելու է»,- ասաց Բաբայանը:
Ալիևի հայտարարությանը, թե «2016թ. ապրիլյան բախումները ցույց տվեցին, որ «Ադրբեջանն ի զորու է իր տարածքային ամբողջականությունը վերականգնել ռազմական ճանապարհով»», հարցին՝ արդյո՞ք Ալիևի հիշողությունն այդքան կարճ է, Բաբայանն արձագանքեց, որ նման հայտարարություններով Ալիևը պարզապես հիմարացնում է սեփական ժողովրդին:
«Այսինքն՝ «ի զորու է վերականգնել», հետո՞, ի՞նչը վերականգնել: Ադրբեջանը 22 տարի պատրաստվել է, որ բլից-կրիգով ոչնչացնի մեզ, և մի բարձունք, երկու բարձունք վերցրել՝ 2,500- 4,500 զոհ տալով, այդքան ավերածություններ, անձնական ողբերգություն պատճառելով: Դե, իհարկե, իր որդին այստեղ չի ծառայել, ծառայել է Բաքվում՝ իր տանը, ամեն ինչ նորմալ է իրենց մոտ, բիզնեսները ծաղկում են, այդպես պիտի ասի: Բա գնա, տեսնի՝ նույն իր խեղճուկրակ հայրենակիցները, ովքեր այդքան մարդ են կորցրել, ո՞նց են ապրում կամ արդյո՞ք իրենք համաձայն են նման հարցադրումների հետ: Իհարկե, նրանք այդպես չեն մտածում: Մենք խաղաղության կողմնակից ենք, բայց դա չի նշանակում, որ մենք ի վիճակի չենք կամ վախենում ենք, ուղղակի պատերազմի միջով անցած ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե դա ինչ է: Պետք է «շիզոֆրենիկ» լինել, որ ցանկանաս դիմացինին, թեկուզ այլազգի հարևանին, որ ողբերգություն ապրի»,- ասաց նա:
Բաբայանն ընդգծեց՝ պետք է միշտ իմանալ, և Ապրիլյան պատերազմը ևս մեկ անգամ ցույց տվեց՝ Ալիևի վարչակազմի ու Ադրբեջան պետության մոտեցումները չեն փոխվել, հետևաբար, որպեսզի խաղաղությունն ու կայունությունը պահպանվեն, միշտ պետք է լինենք ուժեղ, իսկ մեր ուժը բանակն է, միասնականությունը, ճիշտ աշխարհաքաղաքականությունը: