Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Ալիևի հետ հանդիպումից
«Ես այս հանդիպումը կգնահատեմ դրական, հույս ունեմ՝ նախագահ Ալիեւն էլ այն կգնահատի դրական: Սակայն ես նշեմ, որ երբ ես գնահատում եմ հանդիպումը դրական, դա չի նշանակում որեւէ կողմի հաղթանակ կամ որեւէ կողմի պարտություն: Սա շատ կարեւոր է: Մարդիկ մտածում են՝ 2 հոգի հանդիպեց, լավ ո՞վ հաղթեց եւ ո՞վ պարտվեց: Այս խոսակցությունը եղել է նաեւ իմ եւ Ալիեւի նախորդ հանդիպումներից հետո»- այս մասին քիչ առաջ Վիեննայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ սկսկվել է խոսակցություն, եւ այդ խոսակցության մեջ բնականաբար կողմերից յուրաքնչյուրն ունի իր պատկերացումները: Վարչապետն ընդգծել է, որ կոնֆլիկտն ունի շատ խորը արմատներ: «Բնականաբար մենք հասկանում ենք, որ պարզ խնդրի հետ գործ չունենք: Սա շատ բարդ խնդիր է, սա շատ լուրջ հարց է: Եվ կարեւոր է բարձրաձայնել ի վերջո, թե մենք ինչ ենք խոսում, կարող ենք խոսել ու հասկանալ, որ այդ խոսելու մեջ ոչ մի վատ բան չկա: Կարո՞ղ ենք, արդյոք, մենք ջանքեր գործադրել, որ հայ-ադրբեջանական սահմանին եւ շփման գծում լինի կայունություն, կարո՞ղ ենք, արդյոք, այնպես անել, որ այդ մարդիկ ապրեն բնականոն կյանքով, սահմանամերձ համայնքներում լինի խաղաղություն, որ մարդիկ զբաղվեն գյուղատնտեսությամբ՝ առանց մտածելու, թե դիմացի դիպուկահարները իրենց հանկարծ կվնասեն: Կարո՞ղ ենք մտածել, թե ինչ հումանիտար ասպեկտներ կան, որոնք կարող ենք մենք հիմա քննարկել, օրինակ, կան 2 կողմերում 2 երկրների բնակչիներ, որոնք կարող են հանգիստ ապրել: Պարզ է, որ ամեն մեկս ունենք մեր դիրքորոշումը, ամենքս խորապես համոզված ենք մեր դիրքորոշումների մեջ: Բայց պետք է հասկանալ, թե ինչն է, որ տրամաբանական է դիմացինի տրամաբանության մեջ մեր կարծիքով կամ իրենց կարծիքով, կամ ինչն է, որ տրամաբանական չէ: Ես չգիտեմ, թե ինչ գնահատական ունի նախագահ Ալիեւը մեր հանդիպման մասին, սակայն հույս ունեմ՝ այդ գնահատականը դրական կլինի»,- նշել է նա:

Քաղաքականություն