2,7 մլրդ դոլար Հայաստանի շեմին.. Ժամանակ
«Ժամանակ» օրաթերթը գրոմ է. «Կառավարությունը ներկայումս քննարկում է 2,7 միլիարդ դոլարի ներդրումային մոտ 89 ծրագիր, որից ավելի քան 700 միլիոն դոլարը ներկայումս այս կամ այն կերպ ընթացիկ փուլում է՝ մարտի 19-ի մամուլի ասուլիսում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այդ հայտարարությունը բավականին նման է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությանը 3,5 միլիարդ ներդրումային ծրագրերի մասին, սակայն մի տարբերությամբ՝ Կարեն Կարապետյանը ներկայացնում էր իր, այսպես ասած, իշխանական պորտֆելը: Այլ կերպ ասած՝ նա գործնականում հայտարարում էր, որ պատրաստ է իր հովանավոր Հայաստանի ներդրողների ռուսական ակումբի օգնությամբ 3 միլիարդ դոլար վճարել 2018-ին Հայաստանի իշխանությունը ձեռք բերելու համար:
Նիկոլ Փաշինյանի դեպքում իրավիճակի քաղաքական համատեքստը բոլորովին այլ է և բոլորովին այլ է նրա քաղաքական հենարանը:
Այստեղ գործ ունենք հանրային բարձր լեգիտիմության հետ՝ որպես հենարան, իսկ որպես ներդրումային աղբյուր գործ ունենք ոչ թե կոնկրետ բևեռի, այլ, այսպես ասած, բազմազան աղբյուրների հետ: Իհարկե, դա այս դեպքում էլ չի հանում հարցը, թե որքան կոնկրետ են ներդրումային այդ պորտֆելի հեռանկարները, մյուս կողմից, սակայն, այստեղ արդեն խոսքը ոչ թե կոնկրետ իշխանության գնի, այլ Հայաստանի քաղաքական ապագայի սոցիալ-տնտեսական բազայի մասին է:
Ավելի ու ավելի է ակնառու դառնում, որ Հայաստանի ներկայիս սոցիալ-տնտեսական բազան խիստ անբավարար է ոչ միայն պետական ռազմավարական ծրագրեր, զարգացման ծրագրեր և անվտանգության աճող մարտահրավերներ երկարաժամկետ սպասարկելու համար, այլև բավարար չէ նաև հասարակական-քաղաքական արդյունավետ զարգացում ապահովելու, հանրային քաղաքականության ինստիտուցիոնալ զարգացման հիմք դառնալու համար:
Եվ սրա լավագույն դրսևորումն էր այն, ինչ քաղաքական տողատակի առումով տեղի ունեցավ Օպերայի սրճարանների ապամոնտաժման գործում, և ինչ ընդհանրապես տեղի է ունենում Հայաստանում տեղեկատվաքարոզչական շոշափելի ալիքի պայմաններում»: