Ինքս ինձ չեմ պարգևատրել և չեմ պարգևատրելու. Մարության
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, այսօր Azatutyun.am-ի ֆեյսբուքյան ասուլիսին հայտարարեց, որ 3 ամսվա ընթացքում իրենք տնտեսել են 7 միլիարդ դրամ, ինչև որևէ կերպ չի ազդել քաղաքի տնտեսության վրա:
Անդրադառնալով տրանսպորտի հարցերով հանձնաժողովին՝ Մարությանն ասաց, որ փոխվել են անդամները, և ներկայացված է լինելու լայն շրջանակ, վերահաշվարկներ են իրականացվում: Նա տրանսպորտի կարգավորման համար նշեց, որ առնվազն երկու տարի է պետք, եթե ոչ մի տեղ ոչ մի խոչընդոտ չլինի:
«Խոսքը գնում է 200-250 միլիոն դրամի մասին, սա պետական մասշտաբի ծրագիր է, միայն քաղաքային իշխանությունների հարցը չէ»,- ասաց նա:
Անդրադառնալով աղբի խնդիրներին՝ քաղաքապետն ասաց, որ մշտապես շաբաթ և կիրակի օրերն անցկացնում է թե՛ աղբավայրում, թե՛ շենքերի աղբամուղերի տակ: «Անձամբ ստուգում եմ, ֆիզիկապես մոտիկից ծանոթ եմ խնդրին, իմ մեքենայում կան ձեռնոցներ, և մինչ սպասելը, որ մեկը գա, այդ հարցն արագ լուծում եմ»,- ասաց նա և նշեց, որ ամեն ինչ որոշողը լինելու են բնակիչները, և աղբատար խողովակները հանելու որոշողը լինելու են բնակիչները, քանի որ շենքից ներս ամեն ինչի սեփականատերերը բնակիչներն են, և քաղաքապետարանը այդ իրավասությունը չունի առանց իրենց համաձայնության որևէ բան անելու:
Հայկ Մարությանն ասաց, որ վերելակների խնդրին շատ լավ ծանոթ է, և այս խնդրին լուծում տալու են: «Մոտ 3800 վերելակ պետք է փոխվի՝ մոտավորապես 2-3 տարվա ընթացքում, հիմա գույքագրում ենք, և այն փուլում ենք, որ հասկանանք, թե որտեղից ենք գտնելու այդ գումարները»,- ասաց նա:
Մարզպետների կողմից իրենք իրենց պարգևատրելու հարցի մասին քաղաքապետ Մարությանը նշեց, որ ինքն իրեն բնականաբար չի պարգևատրել և չի պարգևատրելու:
«2018 թվականի բյուջեում ինչպես նախատեսված էր, այնպես էլ բաշխելու ենք, իսկ 2019 թվականին վերանայելու ենք այդ հարցը»,- ասաց նա: