Ձեր աշխատավարձը չպիտի անցնի 150.000 դրամից. Մանուել Մանուկյանը`մարզպետներին
«Դիրքապահ. Քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» ՀԿ-ի նախագահ Մանուել Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բաց նամակ Արարատի մարզպետի գլխավորությամբ բոլոր մարզպետներին. Արարատի մարզպետի հիմնական աշխատավարձը 661,400 դրամ է: 104.5%-ի դեպքում պարգևատրման չափը կազմում է 691,163 դրամ: Տեղակալների հիմնական աշխատավարձը կազմում է 529,120 դրամ, պարգատրվել է 552,930 դրամ և այլն։ Այստեղ հարց եմ տալիս՝ ձեր հագինը ի՞նչ է, որ դուք այդքան գումար ստանաք, Ձեր մարզում մարդ կա սոված է, անտուն է, վարկերի տակ է...
Մսխում եք մեր բոլորիս արած հզոր հեղափոխությունը, մսխում եք օրինական ձևով, բայց թույլ չենք տալու, պատասխան եք տալու Ձեր յուրաքանչյուր արածի համար։ Պարզվում է` լավ էլ քավոր-սանիկությունը, ծանոթ-բարեկամությունը, օրինական կարգով, իր ուժեղ ազդեցությունն է ունենում՝ պաշտոններ ստանալու հարցում։ Դուք Արարատի մարզում, ո՞ր քաղաքացուց եք լավը, Դուք` Ձեր տեղակալներով, այդքան պրեմիա եք ստանում, բա մնացա՞ծը... Վարչապետը եկավ մի հասարակ հարց տվեց, ամբողջ մարզպետարանով չգիտեիք, դրա համա՞ր եք այդքան փող ստանում պետության հաշվին...
Արարատի մարզպետի օրինակով խոսքս ուղղում եմ բոլոր մարզպետներին. Ձեր աշխատավարձը չպիտի անցնի 150.000 դրամից, դուք ոչ մի ՀՀ հպարտ և արժանապատիվ քաղաքացուց լավը չեք, մենք խոսում էինք հավասարությունից ու արդարությունից, բայց այլ բան եմ տեսնում։ Սիրելի' հայրենակիցներ, ես իմ սկսած պայքարը երբեք կիսատ չեմ թողել, իմ պայքարը երբեք անհատի համաի չի եղել, ես ուզում եմ իմ երկրում տեսնել բարեկեցիկ կյանքով ապրող բանվորների, զինվորականների, ուսուցիչների, բժիշկների, գյուղացիների, տատիկների, պապիկների, երեխաների, ոչ թե նախարարների, պատգամավորների, մարզպետների։
Չհանձնվեʹք և չնահանջեʹք. հեղափոխության թեժ պահերին շատերը, պաշտոններ տեսնելով, անցան պարիսպների մյուս կողմը` գնալով անհատների ետևից, նյութականի ետևից, բայց նաև շատերն էլ եղան, որ չլքեցին իրենց հասարակ ժողովրդին, մնացին ու հիմա էլի ապրում են ժողովրդի մեջ, ժողովրդի կողքին, ժողովրդի ցավով և մենք` մնացողներս, պիտի շարունակենք հետևողական լինել հեղափոխության ընթացքին։ Հիշեʹք` պաշտոնը շատ վտանգավոր բան է, և մեզանից շատ բան է կախված, մենք պիտի չհանձնվենք, պիտի հետևողական լինենք, վերահսկենք բոլոր պաշտոնյաներին, վարչապետից սկսած. դուք ինքներդ էլ լսել եք, որ բարձրագույն իշխանությունը հասարակ ժողովուրդն է, դա ճշմարտություն է, ու մենք կարող ենք առանց պաշտոն ստանալու օգտվել այս պահին մեր ունեցած ամենաբարձր պաշտոնից։ Չեʹմ լռելու... Բոլորը հաշվետու են լինելու հասարակ քաղաքացուն»։